ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր տարակուսանքն է հայտնել Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության առնչությամբ, թե պետության առջեւ ծառացած խնդիրները որտե՞ղ են քննարկվում՝ միջանցքներում, գիտաժողովներում, թե՞ միջկուսակցական քննարկումներում:
«Եթե ազգային անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ հաճախեր ու մասնակցեր ազգային անվտանգության խորհրդի նիստերին, ապա նման հարց չէր ունենա»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը:
Երկրորդ, Է. Շարմազանովին տարակուսանք է պատճառել Գ. Ծառուկյանի այն հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» այլեւս կառավարության անդամ չէ, հետեւաբար՝ պատասխանատվություն չի կրում կառավարության գործունեության համար: «Եթե այդպես է, ավելի ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ միայն բարգավաճական մարզպետները, նախարարներն ու փոխնախարարները, այլեւ այն մարդիկ, որ շարունակում են աշխատել պետական կառույցներում եւ ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը; Նրանք պատասխանատո՞ւ են իրենց արարքների համար, իրենց գործունեության համար, թե՞ ոչ»,- ասաց Է. Շարմազանովը:
Գ. Ծառուկյանի այն դիտողության վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանում դասական իմաստով քաղաքական դաշտ չկա, իշխանությունն ու ընդդիմությունը թշնամաբար են տրամադրված, Է. Շարմազանովն ասաց, որ 2008 թ. համեմատ անհանդուրժողականության մթնոլորտը թուլացել է, թեեւ կան մեծ անելիքներ: «Ինչ վերաբերում է դասական քաղաքական համակարգին, ապա մենք կունենանք քաղաքական դասական մշակույթ այն ժամանակ, երբ քաղաքականությամբ զբաղվեն միայն քաղաքական գործիչները»,- ասաց Է. Շարմազանովը: