▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանս ենք տալու` ինքն իր տունը մարդավարի պահի. Կարեն Կարապետյան

 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Աշոտ Սիմոնյանը զեկուցել է, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 2 հազար 344 ուսուցիչ: Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/7 է: Մարզի առողջապահական համակարգի բուժհիմնարկների 2017թ. ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 583 մլն 106 հազար դրամ: Ընթացիկ տարում պետական մասնակցությամբ բժշկական կենտրոնների վճարովի ծառայության ծավալը կազմել է 104 մլն դրամ: Մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած հանրապետական շաբաթօրյակների ընթացքում մարզում իրականացվել են ծավալուն աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում հայտնաբերված 136 աղբանոցից փակվել է 124-ը: Նշվել է, որ մարզի Աշտարակի տարածաշրջանի 17 համայնքի աղբահանությունն իրականացնում է «Էկո-կենտրոն» ՍՊԸ-ն: Տարածաշրջանի ևս 13 համայնքի հետ առաջիկայում կկնքվեն աղբահանության պայմանագրեր: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններն ու նպատակներ են՝ ժամանակակից արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, արդիականացումը, զբոսաշրջության խթանումը, մարզի ճանաչողականության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն: Խոսելով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտային ցուցանիշների մասին՝ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառին և անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը: Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ողջունել է կառավարության նշված ծրագրերի իրականացումը և վստահեցրել, որ դրանցով հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է: Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»:

Կարդացեք նաև` Ով չի հասկանում` ցավացրեք. Կարեն Կարապետյան

Ձեր մարզի «կալանավան» ու «ենոքավան» գյուղապետերին «քթեք». Կարեն Կարապետյան

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее