«Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքը գրում է. Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որ տարիներ շարունակ թշնամական հարաբերությունների եւ բազմաթիվ դատական պրոցեսների մեջ էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ՝ այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում հայտարարել է, որ հաշտվել է Խաչատրյանի հետ:
«Լարված հարաբերություններ են եղել եւ հակամարտություն է եղել Սուրիկ Խաչատրյանի հետ մոտ 25 տարի: Ավելին ասեմ՝ սրանից 2-3 տարի առաջ այդ հակամարտությունը ավելի խորացավ, եւ այն աստիճանի, որ դատական գործընթացներ սկսվեցին: Սուրիկ Խաչատրյանը եւ եւս 2 հոգի ինձ դատի տվեցին: Ես էլ դատի տվեցի իրեն եւ այլոց: 4 դատական գործընթաց էր ընթանում: 2-ն ավարտվել է, կարելի է ասել՝ ոչ ոքի։
Այդ երկար ընթացքից, դատական մարաթոնից հետո դեկտեմբերին Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչն ինձ զանգեց, հանդիպեցինք եւ առաջարկեցին, որ դատական այդ հակամատությանը վերջակետ դրվի եւ հանվեն այդ հայցերը: Այդպես էլ եղավ: Մենք էլ հանդիպեցինք: 17 տարի առանձնազրույց չէինք ունեցել: Իմ եւ Սուրիկ Խաչատրյանի միջեւ հանդիպումներ եղան դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսներին: Բնականաբար հեշտ չէր այդ հանդիպումները, բայց բարեբախտաբար մենք չտրվեցինք էմոցիաներին:
Լուրջ խոսակցություն եղավ եւ հասկացողություն, որ ես ոչ միայն իրավունք ունեմ, այլ կարող եմ Սյունիքում գործունեություն ծավալել՝ մասնավորապես հոգեւոր մշակութային գործունեություն: Ծրագրի մասին խոսք գնաց, ես ասացի՝ այո, ունեմ պատրաստ ծրագիր, շատ ուրախ կլինեի, որ հնարավորություն ունենայի կյանքի կոչել»,- իր եւ Սուրիկ Խաչատրյանի հանդիպումների ամբողջ «դրաման» մանրամասնել է պարոն Հարությունյանը:
Այնուհետեւ, շարունակելով այդ թեմայով մեկնաբանությունը՝ Հարությունյանը հետեւյալ ճշտումն է արել. «Մարդ երբ որ սկսում է ատել, չարությունն է սկսում իր մեջ խոսել եւ դա այնպիսի բան է, որ քեզ տանում է ճահիճը: Եվ դու ինքդ քեզ ես վատություն անում: Բայց եղել են այդ հանդիպումները եւ թե ինչ հետագա ընթացք կունենան՝ չեմ կարող ասել: Բայց նա տեղյակ է, մարզպստը տեղյակ է, որ ես ուզում եմ համախոհներիս հետ միասին բուռն գործունեություն ծավալել եւ նպաստել Սյունյաց առաջընթացին, վերելքին՝ մասնավորապես հոգեւոր մշակութային առումով»:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է Սյունիքը զարգանալ, երբ կա վախի մթնոլորտ, Հարությունյանը պատասխանել է. «Մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն, իհարկե, ցանկալիից հեռու է։ Իհարկե, վախի մթնոլորտ կա մարզում։ Բայց ես փորձել եմ օրինակ ծառայել, որ մարդն իր հայրենիքում չվախենա։ Ամեն ինչ անելու եմ, որ սյունեցին չվախենա»։
Հիշեցնենք, որ Սամվել Հարությունյանը ժամանակին Սուրիկ Խաչատրյանին համարում էր «մեր ժամանակի հակահերոս»:
Նա հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանը 1992թ. դեկտեմբերի 26-ին՝ Սիսիանի շրջանի Զորզոր վայրում մի քանի պատգամավորների պատվին կազմակերպած կերուխումի ժամանակ, երկրորդ անգամ չերգելու համար ատրճանակով կրակել է իրենից հղի սիրուհու՝ Արեւիկ Միրզոյանի որովայնին, սպանել դեռ չծնված իր իսկ երեխային:
Հարությունյանը հայտարարել էր նաեւ, թե Սուրիկ Խաչատրյանը 1996թ. փետրվարի 17-ին կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա եւ նրան պատճառել հրազենային ծանր վնասվածքներ:
1999թ. խորհրդարանական ընտրություններից երկու օր անց՝ հունիսի 1-ին, ըստ Հարությունյանի կողմից ժամանակին արված հայտարարության, Սուրիկ Խաչատրյանը հարբած ու զինված բանդային ուղղորդել է՝ պատժելու ընտրություններին իր հակառակորդ քաղաքական ուժի եւ պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի վստահված անձանց: Նրա զինված բանդան հրազենային կրակահերթերով Գորիսի տարբեր վայրերում հարձակվել է քաղաքացիներ Արմեն Մինասյանի, Վաչագան Գրիգորյանի, Արտաշես Հարությունյանի եւ այլոց վրա, դաժանաբար ծեծել, ջարդուխուրդ արել նրանց, պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:
Ըստ Հարությունյանի կողմից տարիներ առաջ արված մեկ այլ հայտարարության՝ Խաչատրյանների գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են:
Թե այսպիսի մեղադրանքներից հետո հաշտությունն ինչպես, ինչ պայմաններով է կայացել՝ մնում է պատկերացնել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում