«Ժամանակ» թերթը գրում է. «Վեգա» էլեկտրոնիկայի խանութ սրահները խաբում ու մոլորության մեջ են գցում սպառողներին։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նախօրեին սեփական օրինակով է համոզվել դրանում, երբ խանութն անձամբ իրեն հասցեագրված հաղորդագրություն է ուղարկել ապրանքներն ինքնարժեքով վաճառելու ակցիայի վերաբերյալ։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ստեղծված վիճակը պայմանավորում է բացառապես տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անգործությամբ։ Նրա խոսքերով՝ մի շարք բանալի բառեր կան, օրինակ 100 տոկոս զեղչ, լիկվիդացիոն գներ, գնեք մի ապրանք եւ 3-ը ստացեք որպես նվեր, որ այս դեպքերում ՏՄՊՊՀ-ն պարտավոր է շատ արագ ստուգումներ իրականացնել պարզելու դրանց իսկությունը։
Պիպոյանի խոսքով ապրանքն ինքնարժեքով վաճառելը բավական լուրջ ակցիա է, որի վերաբերյալ հավաստիացումների մեջ հասարակությունը պետք է համոզվի, այլապես Հայաստանում խանութները ակցիաներ հայտարարելուց առաջ մի քանի անգամ ապրանքի գինը բարձրացնում են, նոր 30-40 տոկոս զեղչ հայտարարում։
Պիպոյանը բարձրաձայնում է մեկ այլ խնդրի մասին եւս, երբ նույն «Վեգա» խանութ սրահներում վաճառվում էր իբր գերմանական ծագման տեխնիկա, սակայն պարզվեց, որ այն չինական արտադրության է, սակայն խնդիրն այդպես էլ ուսումնասիրության առարկա չդարձավ եւ տնտեսվարողն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեզ խոստացան խնդրի հետ կապված պարզաբանում տալ վաղը։ Փետրվարի 3-ին միայն պարզ կդառնա՝ Մարուքյանի դիմումի հիման վրա վարույթ հարուցվել է, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում