Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականի Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 3,2 տոկոսով:
«ՉԻ». ԱՎԾ-ն մի բան ճիշտ է արել՝ շեշտել է, որ խոսքը Հայաստանի մասին է, այլապես կարծեինք, թե այլ երկրի տվյալներ է ամփոփել: Իրականում գնաճն, իհարկե, առնվազն 10-12 տոկոս է կազմել, և շարքային քաղաքացիները շատ լավ գիտեն դա, բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ ԱՎԾ-ն հատուկ շեշտել է՝ անցած տարի պարենային բոլոր ապրանքները թանկացել են, և միայն շաքարավազն է էժանացել: Կարծում ենք՝ ժամանակն է, որ պետական այդ հաստատությունը հանդես գա նախաձեռնությամբ և առաջարկի քաղաքի որևէ բանուկ մասում կանգնեցնել Սամվել Ալեքսանյանի կիսանդրին: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, կարծում ենք նույնպես կմիանա նախաձեռնությանը: Եվ ընդհանրապես՝ ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը սկսի լրջորեն զբաղվել հայկական տնտեսության ֆենոմենով և փորձի պարզել, թե ինչպես է պատահում, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ մրցակցություն կա, ամեն ինչ թանկանում է, իսկ գներն իջնում են միայն մենաշնորհային ոլորտներում: