«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան. երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է: Նշենք, որ Աժ հանրապետական պատգամավորի անունով դասարանի մասին տեղեկությունը հրապարակել էր irakan.info-ն, ինչն էլ հանրային հնչեղություն էր ստացել՝ հարուցելով շատերի զայրույթն ու վրդովմունքը: Քաղաքապետարանից երեկ ասացին, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել եւ կահավորվել է Սամվել Ալեքսանյանի կողմից, ու հավանաբար, ցուցանակը պատրաստող վարպետներն են սխալվել, քանի որ ավանդաբար սովոր են պատրաստել ինչ-որ մեկի անվանակոչության մասին վկայող ցուցանակներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել։ Նա ասել էր, որ Սամվել Ալեքսանյան պատգամավորն ու մարդը այսօր շատ ընդունված է համայնքի կողմից, քանի որ շատ հոգատար է բնակիչների նկատմամբ, ուստի եւ որոշվել է նրա անունով դասարան ունենալ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում