▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Royal Gor Studio. հայր և որդի հայտնի լուսանկարիչները՝ ԱՄՆ-ում կայանալու գաղտնիքի մասին

Ամերիկաբնակ մեր հայրենակիցներ Խորեն և Գոռ Գևորգյանների «Royal Gor Studio» ընկերությունը հարսանիքների և այլ հանդիսությունների լուսանկարման, նկարահանման ոլորտում բավական լուրջ հաջողություներ է արձանագրել` հաստատելով իր ուրույն տեղը: Ստուդիան  համագործակցում է աշխարհին հայտնի հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ, ինչպիսիք են «E-Entertainment», «History channel», «Nokia theatre», «Cal Spas», «Kodak theatre», «Gibson amphitheater», «Ford amphitheater» և այլն:

«Royal Gor Studio»-ն հիմնադրվել է 32 տարի առաջ՝ Խորեն Գևորգյանի կողմից: Այսօր ընկերությունը ղեկավարում են հայր և որդի Գևորգյանները: Խորեն Գևորգյանը` տեսանկարահանումների, գովազդի և հեռուստատեսային նկարահանումների, իսկ որդին՝ երիտասարդ ու տաղանդավոր լուսանկարիչ Գոռ Գևորգյանը՝ լուսանկարչության, ֆոտոսեսիայի բաժինները և ընկերության 2 մասնաճյուղերը:

Խորեն Գևորգյանը դեռ դպրոցական տարիներից հետաքրքրվել է լուսանկարչությամբ: Հատկանշական է, որ զինվորական ծառայության տարիներին եղել է նաև լուսանկարիչ և ծառայության սահմանված ժամկետն ավարտելուց հետո զորամասի հրամանատարության խնդրանքով ծառայել է ևս մեկ տարի: Լուսանկարչությունից զատ՝ նաև պարել է «Եղեգն» խմբում` հյուրախաղերի մեկնելով աշխարհի տարբեր երկրներ: 1981 թվականից լուսանկարչության հետ մեկտեղ սկսել է զբաղվել նաև նկարահանումներով՝ այնուամենայնիվ հարազատ մնալով իր գլխավոր նախասիրությանը՝ լուսանկարչությանը: 1991-ից ընտանիքով հաստատվել է ԱՄՆ-ում, երբ որդին` Գոռը, դեռ 9 տարեկան էր:

Նոր միջավայր, նոր կյանք, նոր սկիզբ: Չվախենալով նոր միջավայրի թելադրած դժվարություններից և վստահ լինելով իր աշխատասիրության վրա՝ Խորենը աստիճանաբար սիրվեց ու ճանաչվեց հայկական համայքնում:

 «1981 թվականին առաջին անգամ մտերիմ ընկերոջս խնդրանքով փորձեցի հարսանիք նկարահանել: Եվ ահա առաջին փորձից հետո կարծես մարդկանց դուր եկավ իմ նկարահանման եղանակը և որակը: Եվ այդպես, աստիճանաբար հարսանիքներ նկարահանելու պահանջարկը մեծացավ և մինչև հիմա շարունակվում է»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Խորենը` հավելելով.

«Հարսանիք նկարահանելն էլ արվեստ է: Տարբեր սովորույթներ ներկայացող միջոցառում, որ պետք է ճիշտ ներկայացնել և գեղարվեստորեն: Կարծում եմ` դա ինձ մոտ ստացվեց և հենց դրա շնորհիվ գնահատվեցի ու զգացի, որ սխալ գործ չեմ անում: Շարունակեցի Միացյալ Նահանգներում մասնակցել միջազգային արենայում նկարահանվող հարսանիքներին: Մասնակցեցի նաև տարբեր դասընթացների ու մինչ օրս մասնակցում եմ, որովհետև որքան էլ գիտելիքներ ունենաս, այնուամենայնիվ, պետք է ձգտես սովորել: Երբեք պետք չէ սահմանափկվել ունեցած գիտելիքներով: Միշտ պետք է ձգտել ավելին իմանալ: Եթե ունես ձգտում և սիրում ես քո աշխատանքը, հաջողությունն անխուսափելի կլինի»:

Խորեն Գևորգյանն աշխատել է նշանավոր հայերի՝ «System of a Down» խմբի բաս-կիթառահար Շավո Օդադջյանի, երգիչ Արամ Ասատրյանի, Արմենչիկի, ինչպես նաև քաղգործիչների, գործարարների, մշակույթի, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչների հետ:

 «Երբեք հատուկ նպատակ չեմ ունեցել աշխատել նշանավոր մարդկանց հետ, ավելի լավ է նրանց հետ պարզապես ընկերանալ: Դրանից զատ՝ ըստ իս, նշանավոր մարդիկ միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչները չեն, նաև քաղաքական գործիչները, գործարարները և այլք: Ես աշխատել եմ նաև հայ հայտնի քաղաքական գործիչների հետ, հատուկ նրանց համար իմ խմբով Լոս Անջելեսից հասել եմ Հայաստան, սակայն չեմ բացահայտի, թե ում մասին է խոսքը, քանի որ դա կոռեկտ չէ: Եթե ավելի անկեղծ լինեմ, ինձ համար այդքան էական չէ, թե ով է իմ դիմաց կանգնած: Ինձ համար ավելի կարևոր է իմ աշխատանքը կատարել որակով և հոգով: Իսկ ինչ վերաբերվում է Արմենչիկի, Շավոյի կամ լուսահոգի Արամ Ասատարյանի հետ աշխատանքին, աշխատելով նրանց հետ և նրանց համար` ես մեծ հաճույք եմ ստեցել»,- ասում է Խորեն Գևորգյանը:

Երիտասարդ լուսանկարիչ Գոռ Գևորգյանը 5 տարեկանից հոր հետ մասնակցել է գրեթե բոլոր միջոցառումներին: Արդեն 15 տարեկանից Գոռը աշխատանքի պատվերներ էր ստանում: Մասնագիտական հմտություններն ավելի կատարելագործելու նպատակով` Գոռն աշխատանքի է ընդունվել «Вand pro film and digital» ամերիկյան ընկերություն և 2 տարի անց դարձել ճանաչված լուսանկարիչ: 2005-ին Գոռը ընկերոջ հետ հեռուստահաղորդում է հեղինակել` ժամանակակից տեխնոլգիաների մասին՝ «Tech pros TV»: 2007-ին «Հարսանիք» հեռուստաշոուի հրավերով արդեն հայտնի լուսանկարիչը, ով ներկայացնում էր «Royal Gor Studio»-ն ակտիվ մասնակցություն է ունենեցել նախագծին` զուգահեռ հրավերներ ստանալով տարբեր ընկերություններից:

«Պիտի նշեմ, որ հարսանիք նկարելը շատ բարդ պրոցես է: Նախ հանդիսությունից առաջ, որպես կանոն, մենք պարտադիր ֆոտոսեսիա ենք իրականացնում` հարսի և փեսայի մասնակցությամբ, արդյունքը հանձնում ենք հյուրերի դատին` հարսանյաց խնջույքի ժամանակ: Իսկ արդեն հարսանիքի օրը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մի մեծ պորֆեսիոնալ խումբ է աշխատում` հարսի և փեսայի և նրանց հյուրերի ամենաերջանիկ պահերը նկատելու և հավերժացնելու համար»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռ Գևորգյանը, ապա հավելեց. «Երբեմն հեշտ չէ աշխատել 300 կամ 500 հոգանոց հարսանիքներին, քանի որ մարդիկ շատ են, և դու պարտավոր ես զգալ, տեսնել, ֆիքսել: Երբեն զգում ես, որ կադրը uտացվեց, կամ մարդիկ գոհ են, դրանից ավելի թանկ պահ չկա, հավատացեք: Երբեմն հարսանքից հետո երբ վերադառնում ես տուն, զգում ես քեզ ինչպես ճզմած լիմոն(ժպտում է), քանի որ ամբողջ էներգիադ տալիս ես մարդկանց»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

72157637184000764

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее