«Ժողովուրդ»-ը գրում է. «Ռուսաստանը բացահայտ կերպով հավակնում է թիվ մեկ գազային շանտաժիստի կոչմանը, իսկ ՀՀ իշխանություններն էլ` թիվ մեկ ենթարկվողներինը: Նշենք, որ սա ոչ թե գնահատողական դատողություն է, այլ պետական բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության ուղիղ արձանագրում: Նախօրեին ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն ասել է, որ Հայաստան-Իրան էլեկտրամատակարարման երկրորդ գծի շինարարության նախագիծը դադարեցվել է:
Փոխնախարարը հայտարարել է, որ դա կապված է ֆինանսավորող բանկի դեմ կիրառվող պատժամիջոցների հետ: Սակայն այս ամենը միայն առաջին հայացքից: Նորմալ երկրներում պետական պաշտոնյայի հայտարարությունը թերևս բավարար է թեման սպառված համարելու համար, բայց Հայաստանի պարագայում ընդհակառակը` պաշտոնական հայտարարությունը 180 աստիճան հարաբերակցության մեջ է հարցադրման հետ:
Բանն այն է, որ Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով: Եվ եթե հիմա խոսվում է էլեկտրամատակարարման երկրորդ գծի կառուցման դադարեցման մասին, դա նշանակում է, որ առաջիկայում կդադարեցվի նաև իրանական գազի մատակարարումը: Իսկ իրանական գազ չի մատակարարվելու, որովհետև Ռուսաստանը Հայաստանին պարտադրում է օգտվել բացառապես ռուսական գազից` իր սահմանած գներով ու խաղի կաննոներով: Եվ այս ամենը` դեռ ՄՄ-ին չանդամակցած:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում