▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը զրկել է Ձեր կողքին լինելու հնարավորությունից․ երկրպագուների բաց նամակը Հենրիխ Մխիթարյանին

 

1in.am-ը գրում է. Օգոստոսի 7-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաճառքի է հանել սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերը: Արդեն մի քանի տարի է մեր ազգային հավաքականի մասնակցությամբ պաշտոնական հանդիպման տոմսերն արժեն 4-10 հազար դրամ: Տխրահռչակ ՀՖՖ-ն հետևողական աշխատանքներ է տանում, որպեսզի երկրպագուն հեռու լինի ազգային թիմից և ֆուտբոլից: Բողոքի տարատեսական դրսևորումերը, քննադատությունները, դժգոհությունը որևէ ազդեցություն չեն ունենում ֆուտբոլային չինովնիկների վրա: Հայրապետյան Ռուբենը, այսպես ասած, պրինցիպի է ընկել և չի ցանկանում փոխզիջման գնալ՝ բռի մեջ պահելով թե՛ ազգային հավաքականը և թե՛ հայկական ֆուտբոլը:

Դեռևս մարտին, ֆուտբոլասերների մի խումբ կայքի միջոցով բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: «Պարոն նախագահ, ցավոք սրտի, մենք և հազարավոր այլ երկրպագուներ մեր տղաներին աջակցելու և Հենրիխ Մխիթարյանի խաղով հիանալու հնարավորություն չունենք: Չունենք, քանզի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աննորմալ գներ է սահմանել տոմսերի համար: Հայաստանի հավաքականն այսօր աջակցության մեծ կարիք ունի, սակայն ֆուտբոլի չինովնիկների թեթև ձեռքով մեր թիմի երևանյան հանդիպումներն անցնում են կիսադատարկ տրիբունաների պայմաններում: Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայաստանի հավաքականը Ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունն է: Հայաստանի հավաքականը Ձերն է, մերն է և բոլոր հայերինը»,- մասնավորապես գրված էր նամակում: Թե՛ Սերժ Սարգսյանը և թե՛ պետական այլ գործիչներ որևէ կերպ չարձագանքեցին երկրպագուների խնդրանքին:

Հուսահատ երկրպագուները խնդրին միջամտելու խնդրանքով այս անգամ դիմել են Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Սիրելի Հենրիխ Մխիթարյան: Դուք մեր ֆուտբոլի պարծանքն եք, մեր հպարտությունը: Ձեր մասնակցությամբ հանդիպումներին հետևում են միլիոնավոր ֆուտբոլասերներ: Ձեր հայրենիքում, սակայն, ֆուտբոլի երկրպագուները զրկված են Ձեր խաղով հիանալու հնարավորությունից: Զրկողը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Բացի այն, որ նա քանդում է հայկական ֆուտբոլը, ստորաբար թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ այցելեն մարզադաշտ և լինեն իրենց սիրելի հավաքականի կողքին, աջակցեն ֆուտբոլիստներին: Այսպես շարունակվել այևս չի կարող: Հազարավոր երկրպագուներ հնարավորություն չունեն 5-10 հազար դրամ վճարել խաղին ներկա գտնվելու համար: Որպես Հայաստանի ազգային հավաքականի ավագ, խնդրում ենք միջամտել խնդրին՝ հնարավորություն տալով հայ երկրպագուին լինել Ձեր և Ձեր խաղընկերների կողքին»,- ասված է բաց նամակում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее