ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բավական գրավիչ երկխոսություն է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի և «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի միջև:
168.am-ն է գրում այս մասին ու մանրամասնում, որ Հայկ Բաբուխանյանը, հարց ուղղելով կառավարությանը, ասել է, որ «Իրավունք» թերթի լրագրողը մի քանի անգամ դիմել է համապատասխան մարմիններին և չի կարողացել տեղեկատվություն ստանալ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դրամական միջոցների ծագման վերաբերյալ, քանի որ լրագրողին մերժել են բանկային գաղտնիքի մասին օրենքի հիմքով:
Բաբուխանյանին պատասխանող՝ ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) գործում է բազմակուսակցական վերստուգիչ հանձնաժողով, որը զբաղվում է այդ միջոցների ծագման աղբյուրների ուսումնասիրմամբ, բայց նույնիսկ այդ հանձնաժողովը չի կարող պարզել նախագահի թեկնածուների նախընտրական հիմադրամներին կատարված փոխանցված միջոցների օրինականությունը:
Այդ խոսակցության ժամանակ դահլիճ է մտել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և նիստը վարող Հովիկ Աբրահամյանից վարման կարգի վերաբերյալ խոսք է խնդրել:
ԱԺ նախագահը պատասխանել է, որ հարցուպատասխանի ժամանակ ինքը չի կարող օրենք խախտել և խոսք տալ: «Դուք օրենքը խախտել եք այն ժամանակ, երբ քծնողներին և պրովոկատորներին խորհրդարան եք բերել»,- նրան հակադարձել է Ռուբիկ Հակոբյանը: «Քծնողը դու ես»,- Ռուբիկ Հակոբյանին պատասխանել է Հայկ Բաբուխանյանը:
Հակոբյանը, որ այդ ժամանակ Նիստերի դահիճի մուտքի դռան մոտ էր, պատասխանել է՝ «Դե դավայ, կազյոլի մեկը»,- և դուրս է եկել Նիստերի դահլիճից,-գրում է 168.am-ը: