Մինչ ԱԺ խոսնակը փորձում է հետընտրական իրավիճակի հարցը որեւէ ձեւաչափով օրակարգային դարձնել խորհրդարանում, Րաֆֆի Հովհաննիսյանն աճապարում է մարզից մարզ անցնել ու հայտարարել, որ իրենք հաղթել են: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, Հովհաննիսյանն իր ընտրազանգվածին ակտիվ է պահելու մինչեւ Երեւանի ավագանու ընտրություններ: Իշխանական մեր աղբյուրի պնդմամբ` նրան խոստացել են` կդառնաս Երեւանի քաղաքապետ, եթե հաջողես հաղթել ավագանու ընտրություններում: Բայց քանի որ ընդդիմությունը, ըստ մեր տեղեկությունների, միասնական չի ներկայանա այս ընտրություններում, ուստի Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ ստացած ձայների գերակշիռ հատվածը փոշիանալու է: Նույն աղբյուրի փոխանցմամբ, Երեւանի ավագանու ընտրություններում առանձին կմասնակցեն եւ՛ ՀՅԴ-ն, եւ՛ ԲՀԿ-ն, եւ՛ «նորացված» ՀԱԿ-ը: Այս պարագայում Հովհաննիսյանին մնում է ապացուցել, որ իր ստացած ձայներն իրենն են, ոչ թե ողջ ընդդիմադիր դաշտինը: Թե չէ մի տեսակ անհարմար բան կստացվի»,- գրում է «Իրատես de facto»-ն: