▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հետապնդում է հարուցվել Վանեցյանի հորեղբորորդու նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Կ.Վ-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:

Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերությանը:

Այնուհետև, հանցավոր ծագում ունեցող վերոնշյալ ֆինանսական միջոցների հաշվին, Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերության միջոցով, ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

2018 թվականին Մ.Մ-ն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով Կ.Վ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ տվյալ գույքը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ:

Արդյունքում՝ Կ.Վ-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք:

Կ.Վ-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը:

Նախաքննության ընթացքում Կ.Վ-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:

Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Վանեցյանը Արթուր Վանեցյանի հորեղբորորդին է։

Թարմացված․ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գրառումը․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների, ինչպես նաև բազմաթիվ գործընկերների ակտիվ հետաքրքրվածությունը ՀՀ Գլխավոր դատախազության այսօր տարածած հաղորդագրության, և այդ հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում իմ անվան հիշատակմամբ հրապարակմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես մասնակից չեմ ոչ Զանգեզուրի կոմբինատի գործերին, ոչ էլ իմ եղբոր բիզնես գործունեությանը: Բայց վստահեցնում եմ, որ Կարեն Վանեցյանի գործունեության մեջ որևէ հանցավոր արարք գտնելն ուղղակի անհնար է: Նույնիսկ այդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ նա որևէ ապօրինություն չի գործել:
Իսկ իմ անվան հիշատակումն ընդամենը աղմուկ ու հնչեղություն ապահովելու և քաղաքական շահարկումներ անելու խնդիր է հետապնդում: Հորդորում եմ այդ փաստին վերաբերվել հումորով:
Վստահ եմ, որ այս հերթական շինծու գործը ևս շատ մոտ ապագայում ձախողվելու է, իսկ շոուն մնալու է չստացված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее