«Ժողովուրդ»-ը գրում է. ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ավետիս Ստեփանյանի նկատմամբ դատապարտյալներից կաշառք վերցնելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ «Կոշ» քրեկատարողական հիմնարկի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կաշառքի գործի բացահայտումը, ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից հետո նրանցից մեկը մահացել է: Ըստ ՔԿՀ-ում պտտվող խոսակցությունների՝ դատապարտյալը մահացել է ծեծի հետեւանքով, սակայն պաշտոնական վարկածի համաձայն՝ նա մահացել է վայր ընկնելու հետեւանքով: Դատաբժշկական եզրակացության համաձայն եւս դատապարտյալի մահը վրա է հասել վայր ընկնելու հետեւանքով:
Ու մինչ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները զբաղված են եղել մահացած դատապարտյալի գործը քննելով, մեկ այլ աղմկալի պատմության հետ են բախվել: Պարզվում է՝ մահացածի գործով քննության ընթացքում քննիչները բացահայտել են, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք դատապարտյալներից պարբերաբար, որպես կաշառք, ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատապարտյալներից մեկը ցուցմունք է տվել «Կոշ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի դեմ՝ հայտնելով, որ վերջինս դատապարտյալներից ամսական 2 միլիոն դրամ կաշառք է վերցրել՝ ՔԿՀ-ում նրանց արտոնություն տալու համար: Այս գործն անջատվել է մահվան առիթով հարուցված քրգործից եւ ուղարկվել ՀՔԾ:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց «ԿՈՇ» ՔԿՀ-ի պետ Ավետիս Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, Ձեր դեմ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ դատապարտյալներից շատերը Ձեզ ամեն ամիս 2 միլիոն դրամ են տվել, որ իրենց արտոնյալ զգան ՔԿՀ-ում:
-Ի՞նչ, 2 միլիո՞ն, ես տեղյակ չեմ: Ձեզանից եմ առաջին անգամ լսում: Օրերս ՀՔԾ-ն տեղեկություն տարածեց, որ առանձնահատուկ իմ դեմ չի, այլ առանձին պաշտոնատար անձանց:
-Վստա՞հ եք, որ կաշառք վերցնելու գործի մեջ Դուք չկաք:
-Ի՞նչ եք ուզում ինձանից, առաջին անգամ եմ այդ մասին լսում: Ինչ կա կայքում, դա գիտեմ:
-Դատապարտյալները Ձեր անուն են տվել:
-Տեղյակ չեմ, որ իմ անունն են տվել: Գրված է մի խումբ անձանց կողմից, չգիտեմ՝ իմ անունը այդ մի խումբ անձանց մեջ շոշափվում է, թե ոչ: Ծառայողական քննություն են անում, կքննեն, կպարզեն, խնդիր չի:
-Ձեզ հատուկ քննչական ծառայություն չե՞ն կանչել:
-Դեռ ոչ:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում