▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում արտահոսքերը շարունակվում են. Անդրանիկ Քոչարյանի թիրախում Արմեն Փամբուխչյանն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին։ Որքան պայքարում են արտահոսքերի դեմ, դրանք, միեւնույնն է, շարունակվում են:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը թիմում լուրջ խնդիրներ ունի, եւ նրա «հարցը դրվել է» ՔՊ վարչության նիստերից մեկում, որին մասնակցել է նաեւ Անդրանիկ Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը ավելի վաղ գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ի թիվս մյուս թիմակիցների, Արմեն Փամբուխչյանի դեմ եւս կոմպրոմատների մի ողջ «թղթապանակ» է ներկայացրել, որպեսզի ապացուցի, որ Փամբուխչյանը կոռուպցիոն մի շարք գործարքների մեջ է թաթախված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրը հրավիրված վարչության դռնփակ նիստի ժամանակ ճշտել է, որ Անդրանիկ Քոչարյանի բացահայտումները Արմեն Փամբուխչյանի կապակցությամբ այնքան էլ անիրական չեն։

Մասնավորապես բացահայտվել է Արմեն Փամբուխչյանի՝ ՔՊ-ի աչքի փուշ նախկինների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու փաստը, ինչպես նաեւ բացահայտվել են նրա մասնակցությամբ կոռուպցիոն գործարքներ։

Նիկոլ Փաշինյանը պարզել է, որ Արմեն Փամբուխչյանը ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) որդուց մեքենա է նվեր ստացել, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ (Թոխմախի Մհեր) որդու հետ մտերիմ հարաբերություններ ունի եւ օգտվում է առատաձեռն նվիրատվություններից:

Հաստատվել են նաեւ լրատվամիջոցների բացահայտումները, որ Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Փամբուխչյանը այս նպատակով նաեւ 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 մլն դրամ (մոտ 270 հազար ԱՄՆ դոլար) պետությունից՝ որպես սուբսիդիա՝ նվեր։

ՔՊ-ում հենց այս բացահայտումների հետեւանք են համարում նաեւ Արմեն Փամբուխչյանի վարորդին պատկանող Lexus-ների հրդեհվելը ավտոտնակում՝ անհասկանալի հանգամանքներում, ինչի մասին ArmLur.am-ը հայտնել էր։

Անդրանիկ Քոչարյանն էլ իրենից գոհ է, որ իր հայտարարությունները Արմեն Փամբուխչյանի վերաբերյալ հաստատվել են. հրաժարվել է նրանից ներողություն խնդրել, ինչպես դա արել էր ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Հրաչյա Հակոբյանի դեպքում (Քոչարյանը նրանցից ներողություն էր խնդրել):

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը «աչքի տակ է առել» նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին. չի բացառվում, որ Փամբուխչյանից հետո նա անցնի Տիգրան Ավինյանին ու փորձի նրան էլ «պատժել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее