«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ իրավապահները ներքին կռիվ են տալիս, թե ով կամ ովքեր ժամանակին ընթացք չեն տվել դեպքին ու կասկածյալին չեն բերել հարցաքննության, փաստ է մեկ բան, որ պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ: ArmLur.am-ը գրել էր, որ ներքին պայմանավորվածություն կա՝ նրան առաջիկայում կբերեն հարցաքննության:
Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային: Իրավապահները արդյոք մինչեւ վերջ կգնան եւ կբացահայտեն գործը եւ պատասխանատվության կկանչեն ՔՊ-ական պատգամավորի թոռանը՝ ցույց կտա ժամանակը: Փաստ է մեկ բան. մինչ այժմ Գագիկ Մելքոնյանի թոռանը չեն գտել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։
Այդ առթիվ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն»: