Լոնդոնի մոտակայքում` Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում գտնվող առանձնատանը, մարտի 23-ին մահացավ Բորիս Բերեզովսկին։
Նրա դին հայտնաբերել էին առանձնատան լոգասենյակում։
Բերեզովսկին 67 տարեկան էր, վերջին 13 տարիներին մշտապես բնակվում էր Լոնդոնում։
Մասնավորապես ռուսաստանյան ԶԼՄ-ները հաղորդում էին, որ նախկին ռուսաստանցի օլիգարխը մեծ պարտքեր ունի եւ դրանք մարելու համար փակում է իր գրասենյակը Լոնդոնի Մեյֆեր շքեղ թաղամասում, վաճառում է Մեծ Բրիտանիայում իր գույքի մի մասը, շքեղ ռետրո-մեքենաների եւ արվեստի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն։
Բերեզովսկին անցյալ տարի տանուլ էր տվել Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստի` Ռոման Աբրամովիչի դեմ հարուցած դատը։ Բերեզովսկին Աբրամովիչին մեղադրել է տարբեր տարիներին կնքված գործարքների պայմանները խախտելու համար եւ ավելի քան 6 միլիարդ դոլարի փոխհատուցում էր պահանջել։
Տարեսկզբին Բերեզովսկին նորից ներկայացել էր Լոնդոնի Բարձր դատարան իր քաղաքացիական կնոջ` Ելենա Գորբունովայի կողմից գույքի եւ նյութական միջոցների խնդրով հարուցված հայցի առիթով։
ՌԴ-ում Բերեզովսկին հեռակա կարգով մեղավոր էր ճանաչվել ֆինանսական մեքենայությունների հոդվածներով։ Մոսկվան Լոնդոնից պահանջել է արտահանձնել Բերեզովսկուն, սակայն բրիտանացիները նրան քաղաքական ապաստան են տվել։
Բերեզովսկու մահվան հանգամանքների մասին ստույգ, պաշտոնական տեղեկություններ չկան։ Բերեզովսկու շրջապատից մի աղբյուր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել էր, թե իբր մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածն է։
Սակայն օրերս BBC-ն հայտնում էր, որ Վինձորի դատարանում Բորիս Բերեզովսկու մահվան գործով մեկնարկել են դատաքննչական լսումները:
Թեմզա Վելի շրջանի ոստիկանական բաժանմունքի գլխավոր տեսուչ Թոմ Ուիսթլը հայտնել է, որ Բերեզովսկու մարմինը եղել է լոգարանի հատակին, իսկ նրա վզին ամրացված է եղել պարան:
Պարան է եղել նաեւ ցնցուղի կախիչին:
Քննությունը չի բացառում ռուս օլիգարխի բռնի մահվան վարկածը:
Տեսուչի խոսքով, սակայն, չկան գործարարի մահվան կասկածելի հանգամանքների հիմքեր: Բռնի մահվան վարկածը կարող է լիովին բացառվել բոլոր անհրաժեշտ փորձաքննություններից հետո:
Մահից ժամեր առաջ Բերեզովսկին զրուցել էր Forbes հանդեսի թղթակցի հետ, ասելով, որ այլեւս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ եւ ապրելու իմաստ չի տեսնում։ «Ես չգիտեմ`ինչ անել։ Ես 67 տարեկան եմ եւ չեմ պատկերացնում` ինչ անել հետագայում։ Ես իդեալիստական պատկերացում եմ ունեցել ՌԴ-ում դեմոկրատիա կառուցելու վերաբերյալ եւ իդեալիստական պատկերացում եմ ունեցել Եվրոպայի դեմոկրատիայի մասին։ Ես թերագնահատել եմ Ռուսաստանի դանդաղկոտությունը եւ խիստ գերագնահատել եմ Արեւմուտքը», – խոստովանել էր Բերեզովսկին։
Պլատոն Ելենին, նույն ինքը՝ Բորիս Բերեզովսկին
Բերեզովսկին բիզնեսի ոլորտ մուտք է գործել 1989-ին։
«ԼոգոՎազ», ԱՎՎԱ, ՕՌՏ, «Սիբնեֆտ», «Ռուսալ» եւ մի շարք այլ ընկերությունների հիմնադիր-սեփականատերն էր կամ խոշոր փայատերը։
1996-97թթ․ Բերեզովսկին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն էր։ 1998-99թթ․ աշխատել է որպես ԱՊՀ-ի գործադիր քարտուղար։ 2000թ․ ակտիվ մասնակցել է Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավին, սակայն նույն թվականին քննադատել է Պուտինի քաղաքականությունը, ի նշան բողոքի հանձնել է Պետական դումայի պատգամավորի մանդատը եւ աշնանը հեռացել է ՌԴ-ից։
Նա քաղաքական ապաստան խնդրեց Մեծ Բրիտանիայում, որը նրան տրամադրվեց անմիջապես այն բանից հետո, երբ Անվտանգության Դաշնային Բյուրոյի ԱԴԲ-ի սպա Ալեքսանդր Լիտվինենկոն տեղեկացրեց, որ մագնատին սպանելու հրաման է ստացել:
Բերեզովսկին անունը փոխեց Պլատոն Ելենինի:
Պլատոնը ռուսական այն ֆիլմի հերոսի անունն է, որը նկարահանվել է Բերեզովսկու կենսագրության հիման վրա:
Հետագայում նա բրիտանական անձնագիր ստացավ հենց այդ անունով: Բերեզովսկու մահից ժամեր անց Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե նախագահի արձագանքի մասին տեղեկություն չունի եւ ընդամենը կարող է նշել, որ «որեւէ դրական էմոցիա մարդու մահը` անկախ այն բանից, թե ինչպիսի մարդ էր, բնականաբար, չի կարող առաջացնել»։
Ապա Պեսկովը շատ ուշագրավ տեղեկություն էր հայտնել՝ ասելով, որ Բերեզովսկին նամակ է գրել Պուտինին։
«Մոտ երկու ամիս առաջ Բերեզովսկին նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նամակում նա ներողություն է հայցել, գրել է, թե գիտակցում է, որ սխալներ է գործել, խնդրել է տալ հայրենիք վերադառնալու հնարավորություն», – ասել է Պեսկովը։ Վերջինիս նշմամն, իբր թե նամակը եղել է ձեռագիր եւ ուղարկվել է՝ «անձնական ուղիներով»:
2007թ․ ապրիլին Բերեզովսկին Guardian թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Մեծ Բրիտանիայում մշակում է նախագահ Պուտինի բռնի տապալման մտահղացումը:
Նա պնդում էր, որ արդեն սերտ կապեր է հաստատել ՌԴ-ի կառավարող էլիտայի ներկայացուցիչների հետ: Հարցազրույցում, որն ամենայն հավանականությամբ Կրեմլի կատաղությունը հարուցելու նպատակ էր հետապնդում, ու դրանից բացի` նոր խնդիրներ կստեղծի Մոսկվայի եւ Լոնդոնի հարաբերություններում, մուլտիմիլիոնատերը հայտարարել է, որ արդեն ֆինանսական միջոցներ է տրամադրում նախագահին մոտ կանգնած մարդկանց, որոնք «պալատական հեղաշրջում» են նախապատրաստում:
«Այդ վարչակազմը տապալելու համար անհրաժեշտ է ուժ գործադրել: Դեմոկրատական միջոցներով այն փոխելն անհնար է: Առանց ուժի, ճնշման ոչ մի փոփոխություն հնարավոր չէ», – ասել էր նա:
Հարցազրույցի հրապարակումից հետո Կրեմլը հայտարարեց, թե Բերեզովսկու խոսքը քրեական հանցակազմ է պարունակում, ուստի իրենց կարծիքով` դա նրան պիտի զրկի Մեծ Բրիտանիայում քաղաքական վտարանդիի կարգավիճակից:
Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մասնավորապես ասել էր. «Մեր օրենսդրության համաձայն` Բերեզովսկու հայտարարությունները դիտարկվում են որպես քրեական հանցագործություն, որոնք պետք է որ բրիտանական իշխանությունների շրջանում Բերեզովսկուն հասցեագրված մի շարք հարցեր առաջացնեին: Մենք կցանկանայինք հավատալ, որ պաշտոնական Լոնդոնը քաղաքական ապաստարան չի տրամադրի նրան, ով մտադիր է ուժ գործադրել ՌԴ-ում հեղաշրջում կազմակերպելու համար»:
Բերեզովսկին հայտարարել էր, թե չի վախենում քաղաքական վտարանդիի կարգավիճակից զրկվելուց. նա նշել էր, որ հատկապես` 2006թ․ նոյեմբերին պոլոնիում-210 իզոտոպով իր վարձու աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունից հետո, Լիտվինենկոյի գործի հետեւանքով՝ «իրավիճակն այժմ փոխվել է»:
Լիտվինենկոյի գործը Բերեզովսկին դարձել էր Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դիվանագիտական սկանդալի մասնակից, որը կապված էր Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան հետ։
Անվտանգության դաշնային բյուրոյի (ԱԴԲ) նախկին սպա Լիտվինենկոն մահացավ 2006թ. նոյեմբերի 23-ին:
Ենթադրվում էր, որ նրա մահվան պատճառը ռադիոակտիվ պոլոնիում-210 նյութով թունավորումն է (եթե պոլոնիում-210-ն ընկնում է մարդու օրգանիզմ՝ ներարկման կամ ինհալյացիայի ճանապարհով, ապա ախտահարում է անխտիր բոլոր օրգանները:
Պոլոնիում-210-ի 50-90%-ը մարդու օրգանիզմից դուրս է գալիս բնական ճանապարհով:
Մնացած 10-50%-ը թափանցում է արյան մեջ եւ տարածվում ողջ մարմնով` հիմնականում խտանալով փայծախում, երիկամներում եւ լյարդում):
Սքթոլենդ Յարդում ենթադրում էին, որ նա թունավորվել է ռուս գործարար, Բերեզովսկու նախկին անվտանգության աշխատակից եւ Պետդումայի ներկայիս պատգամավոր Անդրեյ Լուգովի կողմից։
ՌԴ Գլխավոր դատախազությունն էլ առաջ էր քաշել թունավորման հետ հենց Բերեզովսկու առնչության վերաբերյալ։
2006թ․ դեկտեմբերի 7-ին լոնդոնյան հանրահայտ Հայգեյթ գերեզմանատանը, որտեղ թաղված են Հերբերթ Սփենսերը, Մայքլ Ֆարադեյը, Հենրի Մուրը, Կարլ Մարքսը, Լիտվինենկոյին հրաժեշտ տալու էին եկել ճանաչված քաղաքական վտարանդիներ` ԿԳԲ-ի նախկին սպա Ալեքսանդր Բուկովսկին, ՌԴ-ն լքած այլախոհ Օլեգ Գորդիեւսկին, չեչեն արմատականների առաջնորդ Ահմեդ Զաքաեւը, ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին, կինոռեժիսոր Անդրեյ Նեկրասովը:
Լիտվինենկոյի աղմկահարույց սպանությունը պատճառ դարձավ, որ ամբողջ աշխարհի առաջատար պարբերականները Ռուսաստանի պատմության էջերի ամոթալի դրվագների մասին հրապարակումներ ներկայացնեն:
Արեւմտյան պարբերականները վկայակոչելով սեփական հետախուզական աղբյուրները, հիշեցնում էին, որ դեռ վաղուց են ռուսները «թույնը որպես զենք կիրառել» այլախոհների նկատմամբ:
1921թ. ԿԳԲ-ն արդեն ուներ հատուկ`«Լաբորատորիա-12»-ը, որտեղ Կրեմլի հրամանով պատրաստվում էին կենսաբանական նյութեր:
Կրեմլի պահանջը մեկն էր`մահը շրջապատի համար պետք է բնական երեւար, նման լիներ որեւէ հիվանդության, կասկածներ չհարուցեր եւ որ գլխավորն է` հնարավոր չլիներ որոշ ժամանակ թունավորումն ախտորոշել:
Հիշեցնենք, որ Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ:
Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես`Գլխավոր Հետախուզության Վարչությունը ГРУ -ն:
«ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ГРУ-ն:
Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը:
Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում:
Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են», – նշել էր Լիտվինենկոն:
Հեղինակ` Էդիտա Դավթյան
Աղբյուրը` hayeli.am