«Երկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպումը կայացել է Սամվել Սարգսյանին պատկանող «Արարատ Փարկ Հայաթ» հյուրանոցում: Ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում հանդիպել Հայաստանում կամ իրենց հանդիպումները պլանավորում են Հայաստանից դուրս՝ աչքի չընկնելու համար:
Հնարավոր է՝ կողմերը հայտարարեն, որ այդ հանդիպումը եղել է զուտ պատահականության արդյունք. Ռոբերտ Քոչարյանը շատ պատահաբար եղել է Մոսկվայում եւ սովորության համաձայն հյուրընկալվել է այս հյուրանոցում, իսկ վարչապետ Աբրահամյանն էլ աշխատանքային այցի շրջանակներում է հանգրվանել հայազգի գործարարին պատկանող հյուրանոցում, եւ ահա նրանք միանգամայն պատահաբար հանդիպել են հյուրանոցի լոբբիում:
Հիշեցնենք, որ նման մի պատահական հանդիպում էլ տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էին Պրահա-Երեւան ինքնաթիռի սրահում:
Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում