ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ սկսված հակամարտության առաջին իրավական փուլն ավատրվել է հօգուտ քննիչների: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում քննվող ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության կարեւոր գործերով քննության վարչության դատախազների որոշումներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էին քրեական գործեր եւ ուղարկվել էին ՀՔԾ:
Բնականաբար նորաստեղծ քննչական կոմիտեն չէր ընդունում մեղադրանքը՝ հայտարարելով, որ քրեական գործերի հարուցման հիմքում դրված են եղել ընդամենն առանձին դատավարական ժամկետների բացթողման հանգամանքները: Ասել է թե՝ մի քանի ժամով քննության ժամկետները խախտած քննիչներին չի կարելի հանցագործ համարել:
Հատուկ քննչական ծառայությունն էլ երեք շաբաթ գործը քննելուց հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, որոշել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճել:
Սա նշանակում է, որ հատուկ քննչական ծառայության քննիչները, քննելով քննչական կոմիտեի իրենց գործընկերների արարքը, հանգել են այն եզրակացության, որ դատավարական ժամկետների բացթողում չի եղել, եւ քննիչները ճիշտ են:
Իսկ թե ինչ ճակատագիր է սպասվում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչին, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել նաեւ ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ՝ քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Այս գործն էլ գտնվում է ազգային անվտանգության ծառայությունում:
Տեսնենք, թե նրանք ինչ որակում կտան Աղվան Հովսեփյանի ենթակա քննիչների արարքներին:
Հեղինակ` Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում