Ս.թ. Սեպտեմբերի 21-ին Անկախության երթի ժամանակ ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի` քաղաքացիների հասցեին քմծիծաղ չտալու և իր հետ “Դուք”-ով խոսելու պահանջներին ի պատասխան Ոստիկանության գնդապետ` ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանը պատասխանել էր “Չես կարա պահանջես… Հեսա կդաստիրակեմ, կիմանաս”:
Այսօր ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը մերժել է Դանիել Իոաննիսյանի` գնդապետ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խնդրանքով դիմումը:
Ու թեև ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը հստակ սահմանում է, որ «ծառայողը պարտավոր է անձին դիմելիս պատիվ առնելով ներկայանալ՝ հայտնելով պաշտոնը, կոչումը…», ոստիկանության ղեկավարույթունում գտնում են, որ պարեկապահակետային ծառայության գնդի հրամանատար Ավետիսյանը օրենք չի խախտել: Ոստիկանության այս որոշումը անպայման կբողոքարկվի:
Բացի այդ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օրերս վարույթ ընդունեց Դ. Իոաննիսյանի հայցադիմումը ընդդեմ Խ. Ավետիսյանի, որով պահանջվում է քաղաքացուն վիրավորելու համար վճարել փոխհատուցում: Նիստը նշանակված է հունվարի 29-ին:
Այսպիսով, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու դատարանը պետք է պատասխանեն հարցին, թե արդյո՞ք քաղաքացու հետ հարկավոր է ուղիղ և փոխաբերական իմաստներով “Դուք”-ով խոսել (ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը) և արդյո՞ք քաղաքացին հնարավորություն ունի իր այդ իրավունքը պաշտանելու, թե ոչ:
Տեսանյութում` Ավետիսյանի և Իոաննիսյանի լեզվակռիվը: