Երեքշաբթի, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի իր ձևավորած կառավարության նոր կազմը: Նոր կառավարությունը կլինի հնի կրկնությունը, մի քանի փոքր և խիստ կոսմետիկ փոփոխություններով:
168.am-ն է գրում այս մասին ու նշում, որ փոխվելու են ընդամենը երեք նախարարներ` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին կփոխարինի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին կփոխարինի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Նաև նշվում է, որ ՊԵԿ-ը բաժանվելու է և հարկային տեսչությունը միացվելու է ֆինանսների նախարարությանը, իսկ Մաքսային ծառայությունը ղեկավարելու է ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը:
Փոխվարչապետի պաշտոնը Արմեն Գևորգյանից կփոխանցվի ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել պարզապես Տարածքային կառավարման նախարար: