«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբբիստներն են, և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է պատկանի Հայաստանին: Ռուսաստանն այդ կապակցությամբ առայժմ լռում է:
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում երեկ այդ մասին հայտարարել է Նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրառատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան: Եվ ահա, դրանից հետո տեղի են ունենում Պուտինի հեռախոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքին ընդառաջ, որտեղ, ըստ Աստանայի վեհաժողովում արած հայտարարության, պետք է լուծվի հարցը:
Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո, կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակման հարցը վեհաժողովից վեհաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սակայն, այստեղ խնդիրն այլ է. ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ն լուրջ կազմակերպություն, ռազմաքաղաքական բլոկ է, թե ոչ:Ըստ այդմ՝ մերժել Հայաստանին, նշանակում է վերահաստատել, որ ՀԱՊԿ-ն անլուրջ կառույց է:
Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կասկած չկա, որ Հայաստանն էլ հետո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնածուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրն այստեղ է: Մյուս կողմից՝ նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցության ռազմաքաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատմամբ հերթական հաղթանակը:
Ռուսաստանը տարիներ շարունակ ՀԱՊԿ-ն դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարաբերության հարթակ՝ ուշադրություն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև՝ Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին