Մալաթիա-ՍԵբաստիա թաղամասում տեղի ունեցած այսօրվա արտակարգ պատահարի
հետ կապված հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:
Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների, ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն այսօր առավոտյան երբ փորձել են խուզարկել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբոր որդու՝ Վրթանեսի բնակարանն ու գրասենյակը, վերջինս` իր BMW X5 մակնիշի ավտոմեքենայով փախել է դեպքի վայրից` մեքենան քշելով երկու ոստիկանի վրա, իսկ դրանից առաջ էլ կրակոցներ արձակելով ոստիկանների ուղղությամբ:
Նշել էինք, որ միջադեպի «հերոս» Վրթանես Հակոբյանը Արտուշ Զատիկյանի մահվան գործով (ով մահացել էր թմրանյութերի ազդեցության տակ) թաքնվել է նախաքննությունից:
Ոստիկանության Շահումյանի բաժինը վերջինիս չհայտնաբերելը պատճառաբանել է նրանով, որ իբր Վրթանես Հակոբյանը չի կարողացել ներկայանալ քննությանը, քանի որ բացակայել է հանրապետությունից:
Ակնհայտ է, որ Վրթանես Հակոբյանը հովանավորվում է հեղինակություն և մեծ ազդեցություն ունեցող մեկի կողմից, ով լուծում է նրա բոլոր հարցերը, քանի որ, ըստ տեղեկությունների, Արտուշ Զատիկյանի մահվանից ու նրա մահվան փաստով գործ հարուցելուց հետո, Վրթանես Հակոբյանն ընդհանրապես չի բացակայել հանրապետությունից:
Asekose.am-ին այժմ էլ հայտնի է դարձել, որ այսօրվա արտակարգ պատահարի առիթով սկսվել է ծառայողական քննություն ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մեկնել էին խուզարկության:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` այսօրվա դեպքերը փորձ էր արվում ներկայացնել բոլորովին հակառակ կերպ` նշելով, որ ոչ թե Վրթանեսն է կրակել, այլ ոստիկանները, իսկ երկու ոստիկանի վրա մեքենան վարելու մասին ընդհանրապես չի խոսվում:
Ոստիկանության վեցերերորդ վարչության հատուկ նշանակության աշխատակիցներին առաջարկել են զեկուցագիր գրել պատահարի վերաբերյալ, բացատրելով, թե ինչ հանգամանքներում է խուզարկության ընթացքը նման լարված հանգուցալուծում ստացել:
Հիշեցնենք, որ իրավապահները ժամանել էին ոչ թե ձերբակալելու Վրթանես Հակոբյանին, այլ խուզարկություն իրականացնելու նրան պատկանող տարածքներում, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել են փամփուշտներ և մի քանի միլիոն դոլար և դրամ:
Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում թմրանյութ չի հայտնաբերվել. հիշեցնենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը:
Արդեն տեղեկացրել ենք, որ որոշ ազդեցիկ ուժերի կողմից փորձ է արվում «ջրել» այս արտակարգ պատահարը և ոստիկանության վեցերերորդ վարչության հատուկ նշանակության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը դրա ապացույցներից մեկը կարող է համարվել` որի արդյունքում Վրթանես Հակոբյանին փորձ է արվում չոր հանել ինչպես այսօրվա միջադեպից, այնպես էլ ընդհանրապես` Արտուշ Զատիկյանի մահվան գործից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի