«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 29-ից հետո հայ հասարակության ստվար հատվածը եւ իշխանությունն ամբողջությամբ՝ առանձնակի դաժանությամբ քննադատում, անարգանքի սյունին էր գամում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ Աստանայում կայացած գագաթաժողովի ժամանակ Հեյդար Ալիեւի նամակն ընթերցելու համար: Այդ նամակը, որի ընթերցման ժամանակ լուռ էին ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ Ալեքսանդր Լուկաշենկոն ու անգամ Վլադիմիր Պուտինը, արտահայտում էր Ադրբեջանի պահանջն առ այն, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այնպես, ինչպես անդամակցել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի իշխանությունների ու իշխանական քարոզչության կողմից տեղի ունեցածը ներկայացվում էր մոտավորապես այնպես, որ Նազարբաեւը, ով ոչ միայն գործող Ալիեւի, այլ նաեւ հայր Ալիեւի ընկերն էր, դավադրաբար առաջ է տարել իր ընկերոջ երկրի շահը՝ ի հաշիվ Հայաստանի շահի: Այնքան դավադրաբար, որ բոլորը վերլուծում, հաշվարկում, աբստրահում են՝ արդյոք Պուտինը տեղյա՞կ է եղել այդ նամակի մասին, ինչո՞ւ նա ձեռքը չխփեց եվրասիական սեղանին ու չհայտարարեց, որ անթույլատրելի է մեր ռազմավարական գործընկերոջ առաջ նման պայման դնել նրա ռազմավարական թշնամու պահանջով: Այսինքն՝ կատարվածը փորձ էր արվում մատուցել այնպես, կարծես Նազարբաեւն անգամ Պուտինին է շրջանցել Ադրբեջանի շահը պաշտպանելու համար: Կորչի Նազարբաեւը, կեցցե Պուտինը:
Բայց այդ դավադրության փուչիկը պայթեց: Նախ, հունիսի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն ինքը, այլեւ Աստանայում գտնվող ՀՀ պատվիրակության տասից ավելի անդամներ այդ նիստի նախօրեին տեղյակ են եղել Ալիեւի գրած նամակի մասին: Հայտարարեց այդ մասին ու չհայտարարեց այն մասին, թե տեղյակ, այսինքն՝ նաեւ պատրաստ լինելով` ինչո՞ւ չի պատասխանել ընկեր Նուրսուլթանին։
Բայց դավադրությունն ավելի հիմնավորապես ի չիք դարձավ երեկ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ուշադրություն դարձրեք, Բաքվում, հայտարարեց՝ Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա ՄԱԿ-ի կողմից գրանցված սահմանների շրջանակներում, այսինքն` առանց Ղարաբաղի: Այսինքն՝ իրականում Նազարբաեւն Աստանայում ներկայացնում էր ոչ միայն Ալիեւի պահանջը, այլեւ Պուտինի պահանջը:
Ուստի մնում է ներողություն խնդրել Նազարբաեւից: Գոնե տարիքը հարգելով»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «168 ժամ» թերթի այսօրվա համարում