ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում երեկ հայտարարել է, թե Հայաստանի շահերին դեմ է Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ հեռանկարը որակելով աննպատակահարմար, Զաքարյանն ասել է. «Ադրբեջանի պարագայում բարդությունները շատ ավելի մեծ կլինեն արտաքին քաղաքականության վարման առումով»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի այս հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ ընդամենը շաբաթներ առաջ նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտաշես Գեղամյանը, Բաքվում հայտարարել է, թե ճիշտ կլինի Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եւ որ այդ դեպքում հեշտ կլինի նաեւ ԼՂ խնդրի լուծումը: Ընդ որում, դժվար չէ կռահել, որ այս հայտարարությունը Գեղամյանն արել էր Սերժ Սարգսյանի անձնական «դաբրոն» ունենալով: Համենայնդեպս, հակառակը դժվար է պատկերացնել: Մինչդեռ հիմա պարզվում է, որ այս սկզբունքային հարցի շուրջ իշխանության ներսում տեսակետները փոխվել են 180 աստիճանով: Բացի այդ, ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ տեսակետների փոփոխությունը՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի արտահայտած «մտահոգության» շարունակությունն է: Բայց վերջնարդյունքում հասկանալի է, որ գործող իշխանության տեսակետները իրականում պայմանավորված են պահի տրամադրություններով կամ այսրոպեական մտահոգություններով, ինչը խոսում է ռազմավարական հարցերի շուրջ պետական դիրքորոշման բացակայության մասին:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում