ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, ով ձգտում է ամենուր ներկայանալ իր գիտական գործչի իմիջով, բացի այն, որ հարազատ բուհի միջավայրում վայելում է կաշառակեր դասախոսի համբավ, պարզվում է, որ ունենալով ահռելի տարածքներ Երևանի ցանկացած վայրում, այնքան խնայող է գտնվել սեփական փողերը տնտեսելու հարցում, որ համալսարանի իր ղեկավարած ամբիոնը դարձրել է «բիզնես կենտրոն»: Ժողինսիտիտուտ է հրավիրում նա իր «կլիենտներին», հանդիպում իր օբյեկտները վարձել ցանկացողների հետ, ոգևորված գներ է կրակում ու հետո բանակցում նրանց հետ, իսկ հետո, ասում են, իր գիտական աստիճանն է մեյդան բերում բիզնեսմեն պատգամավորը, որպեսզի հավատ ներշնչի կլիենտի մոտ:
Այս մասին գրում է panorama.am կայքն ու նշում, որ պատգամավորը նախապես համաձայնել էր հարցազրույց տալ և պատասխանել իր անձին վերաբերող բոլոր հարցերին, բայց երբ բանը հասել է անցյալի մութ գործարքների մասին հարցադրումներին, վերջինս վրդովված ընդհատել է զրույցը և դուրս է հրավիրել լրագրողին:
panorama.am-ը նաև արձանագրում է, որ որքան էլ զարմանալի թվա համալսարանական, գիտական, պատգամավորական ակտիվ գործունեությամբ զբաղվող պատգամավորը անձամբ է իր հեռախոսահամարը փակցրել վարձակալությամբ տրվող սեփական տարածքների մուտքերի դռներին և անձամբ ինքն էլ զբաղվում է բրոկերությամբ:
Ի դեպ, սրանք բավականին պատկառելի գներ ունեցող տարածքներ են՝ Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում, որոնք պատգամավորի մայրը` Գրետա Սահակյանը (կամ ինքը` պատգամավորը` մայրիկի անունով) սեփականաշնորհել է դեռևս իր փոխնախարար եղած ժամանակ: Ավելորդ չէ նշել, որ Միքայել Մելքումյանը ժամանակին իր պաշտոնական դիրքից օգտվելով՝ այդ ահռելի տարածքները սեփականաշնորհել է ծիծաղելի գներով: