Երբ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասում է, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հրապարակային արտահայտած տեսակետները ուղղված չեն որևէ կուսակացության, հատկապես ԲՀԿ-ին, նա, ըստ էության ճիշտ է ասում: Իսկ ինչո՞ւ պետք է ուղղված լինեն ԲՀԿ-ին: Քաղաքական մեծ գործարքը այլևս կայացած է: Նախ ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ է նշանակվել հենց ԲՀԿ-ի հետ այսուհետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու պայմանով: Ականջդ կանչի Գալուստ Գրիգորիչ: ԲՀԿ-ն մի մարդու նման քվեարկեց քո օգտին: Երկրորդ, գործարքի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել նաև առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրություններում պառլամենտում տեղերի բաշխման շուրջ, իսկ 2018թ. նախագահական ընտրություններում՝ անձի շուրջ: Սա էր, թերևս պատճառը, որ Շարմազանովը հոխորտում էր, թե նա ով ուզում է էս երկրում վարչապետ կամ նախագահ դառնալ, նա պետք է անցնի ՀՀԿ-ի Մելիք Ադամյան փողոցի գրասենյակում գտնվող թրի տակով: Նախ, եթե այդ անձը լինի Հովիկ Աբրահամյանը, ապա դա ձեռնտու է նաև խնամի Ծառուկյանին, ով չհապաղեց նշելու, թե շրջանցելու են Մելիք Ադամյանը: Այստեղ էլ շատ ճիշտ է նկատում Ծառուկյանը: Խնամի Հովիկը այժմ ոչ Մելիք Ադամյանում է, ոչ էլ Կանյաչնիում: Նա այնտեղ է, որտեղից ավելի հեշտ կարող է նստել նախագահի աթոռին: Հարկ է նկատել, որ դեռ 1,5 տարի առաջ ԲՀԿ ակտիվ քարոզում էր խորհրդարանական կառավարման անցնելու գաղափարը, իսկ այժմ դեմ է դրան: Պատճառը թերևս շատ պարզ է: Ինչպես, մինչ վարչապետ նշանակվելը Հովիկ Աբրահամյանի մանկության երազանքն էր վարչապետ նշանակվելը, ապա այժմ, տիրանալով գործադիր լծակներին, Հովիկ Աբրահամյանը շատ արագ փոխած կլինի մանկության երազանքը... իսկ ինչո՞ւ ոչ նախագահ: Այո, իսկ ինչո՞ւ ոչ, քանզի մի կողմից նա ՀՀԿ-ական է, մյուս կողմից ՀՀ երկրորդ խոշոր կուսակցության և իր օլիգարխ խնամու ցանկալի մարդն է:
Սցենարը շատ պարզ ու հասկանալի է: Հավելենք, որ Սերժ Սարգսյանն արդեն հրապարակավ իշխանության համար պայքարից ինքն իրեն դուրս է թողել: Այժմ Հայաստանում խնամիներ Ծառուկյանն ու Աբրահամյանը (միտումնավոր չեմ հիշատակում Ռոբերտ Քոչարյանի դերակատարումն այս խաղում, քանի որ այստեղ ամենի ինչ լույսի պես պարզ ու թափանցիկ է) գործում են պասերով:
Վերադառնանք Շարմազանովին ու եզրափակենք: Շարմազանով, որպես մամուլի խոսնակ, հենց այնպես խոսքեր չի ասում: Նրա տեսակետները հստակ տեղավորվում են իշխանությունների՝ ապագայի վերարտադրման նպատակների մեջ: Սակայն Շարմազանովը, ինչպես Հովիկ Աբրահամյանն է ասում, իհարկե նկատի չի ունեցել ԲՀԿ-ին, նա նկատի է ունեցել ողջ հասարակությանը, որն այս պահին ՀՀԿ և ԲՀԿ թեթև ձեռքով հայտնվել է խաղից դուրս վիճակում:
Հ. Գ. Հայաստանում, ինչքան հիշողությունս չի դավաճանում, իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով ՀՀ քաղաքացիների քվեարկությամբ: Ու կարծում եմ, առաջիկա ընտրություններում թշվառության ճիրաններում գտվող ՀՀ ընտրողը շրջանցելու է թե Մելիք Ադամյանը և թե Կանյաչնին: