Ազգային ժողովում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախությունը դե յուրե ճանաչելը կառավարությունն այս փուլում աննպատակ է համարում:
«Մենք ամենևին չենք ուզում, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես եղավ Հյուսիսային Կիպրոսի դեպքում, որին միայն Թուրքիան է ճանաչել: Բանակցությունները գնում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն հանգմանքը, որ առաջընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի»:
«Ադրբեջանի երազանքը ձերբազատվել այդ ձևաչափից ձերբազատվելն է կամ առնվազն լղոզելը: Այդ տեսակետից ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ ելույթի ժամանակ ասաց, այս նախագիծը հայոց խորհրդարանում կարելի է համարել պատասխանատու և արկածային:
Զարուհի Փոստանջյանն էլ ելույթի ժամանակ, անդրադառնալով հնչեցված տեսակետերին` ասաց.
« Հասկանում եմ Ձեզ. Պարբերաբար վաճառում եք Ձեր խիղճը: Մենք պարտավոր ենք ճանաչել Արցախը և որևէ կտոր հող չենք զիջելու: «Ժառանգությունը» ներկայացնելու է նաև Արևմտյան Հայաստանի օկուպացիայի ծրագիր»: