Այսօր լրանում է քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների կողմից Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրական ցուցակների համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը. այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Երեկվա դրությամբ համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ էր ներկայացրել միայն ՀՀԿ-ն։ ՀՀԿ ցուցակի առաջին երեք համարներն են՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գրոստմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանը եւ ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Մինչ օրս ընտրություններին մասնակցելու ցանկություն էին հայտնել ու թերեւս այսօր կգրանցվեն ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ նորահայտ «Առաքելություն» կուսակցությունը:
ԲՀԿ-ի առաջին եռյակում կլինեն հաջորդաբար՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ, ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։ Սակայն դեռ երեկ երեկոյան կուսակցությունում այս տարբերակը վերձջնական չէր համարվում։
ՀՅԴ-ի առաջին երեք տեղերում են՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը։
ՕԵԿ ցուցակը կգլխավորի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, նրան կհաջորդեն Հովհաննես Շահինյանը եւ Սոֆյա Արթենյանը։
«Ժառանգությանը» ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը կլինի Անահիտ Բախշյանը, երրորդ համարը, երեկ ստացած տեղեկությունների համաձայն, կարող է լինել «Ա1+» հ/ը ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը։ Սակայն «Ժառանգությունից» տեղեկացրին, որ դեռ քննարկումներ են ընթանում, եւ հնարավոր են փոփոխություններ:
ՀԱԿ ցուցակում առաջին երեք տեղերում են լինելու Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը եւ ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
«Առաքելության» ցուցակի առաջին երեք համարներն են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը եւ Հրաչ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է «Ազատություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններին, ապա երեկ մեր ստացած տեղեկություններով՝ այս երկուսն էլ չեն մասնակցելու ավագանու ընտրություններին»,- գրում է «Հայկական ժամանակը»: