▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են Երևանում կիսագաղտնի գործող «Գրիբոյեդով» ակումբի անդամները. «ՀԺ»

«Տևական ժամանակ է, Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը։
«Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով ի թիվս մի շարք այլ հայ հանրային դեմքերի, «Գրիբոյեդովի» անդամ է և մասնակցում է Կիսելյովի կազմակերպած հավաքներին, երեկ պատասխանել է «Գրիբոյեդով» ակումբի վերաբերյալ մեր թղթակցի հարցերին՝ հաստատելով մեր տեղեկությունները»,–գրում է թերթը։

 

Թերթը այս կապակցությամբ զրուցել է նաև Հմայակ Հովհաննիսյանի հետ։ 

-Պարոն Հովհաննիսյան, գոյություն ունի «Գրիբոյեդով» ակումբ և դուք կարծես կապ ունեք դրա հետ։ Ի՞նչ ակումբ է դա, ի՞նչ է անում։

-Այո, ես մասնակցում եմ։ Դա քննարկումներ են, առանձնապես ոչ մի բան չկա այդտեղ, ասել, որ դա ինչ-որ արտառոց մի ձևաչափ է, չի կարելի։ Այդպիսի ակումբներ կան, որոնք կոչված են նպաստելու մտքերի, գաղափարների փոխանակությանը։ Ամիսը մեկ քննարկումներ են, որոնց մասնակցում են հյուրեր։

-Բայց ակումբը կարծես թե գաղտնի է գործում։

-Ոչ, սա գաղտնի կառույց չէ։ Ակումբն ընդամենը ընթրիք է, որի ընթացքում մարդիկ գաղափարներ են քննարկում, ինչպես ֆրանսիական լուսավորիչներն ունեին սալոններ։ «Նաիրի» կոնյակով և ֆուրշետով, լավ դեսերտով զրույց է։ Այս ընթացքում Անդրանիկ Միհրանյանն է եղել, Նատալյա Նովոշինսկայան, շատ մարդիկ են եղել։ Նաև կայք ունենք (երկար փնտրելուց հետո նման կայք չգտանք– հեղ.)։ Բայց դա ինչ-որ պայմանական քննարկում չէ, շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան, թե ինչ հարցեր են հետաքրքրում տարբեր երկրների մարդկանց, միաժամանակ աշխարհը փոխկապակցված է և այն, ինչ կատարվում է օրինակ` Ուկրաինայում, անշուշտ իր արձագանքները կունենա նաև Հայաստանում։

-Հայաստանից ովքե՞ր են «Գրիբոյեդով» ակումբի անդամները:

-Վազգեն Մանուկյանն է, Արմեն Մազմանյանն էր, Տիգրան Լիլոյանը՝ Իտառ-տասսի, Էդվարդ Սանդոյանը, Կարինե Գևորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արևելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադևոսյանը՝ Մեդիամաքս, Շուշանիկ Արևշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее