Նախօրեին Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի եւ Երեւանում` Ազատության հրապարակի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, որոնց անունները ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես այդպես էլ չհրապարակեց: Հիշեցնենք, որ քաղաքացիները պահանջում էին 6 հոգանոց ընտանիքին սպանած Վալերի Պրեմյակովին դատապարտել ՀՀ-ում ՀՀ օրենքներով:
Պարզվում է՝ բերման ենթարկվածների մեծ մասը «Հիմնադիր խորհրդի» (նախկինում` «Նախախորհրդարան») անդամներն են ու նրանց համախոհները: Խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Երեւանում եւ Գյումրիում բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդի» անդամների եւ համախոհների ընդհանուր թիվը շուրջ 45 է: Նշենք, որ բոլորն էլ երեկվա դրությամբ ազատ են արձակվել:
Մեր զրուցակիցը՝ Գարեգին Չուկասզյանը եւս բերման է ենթարկվել եւ ազատ արձակվել: Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանություն են տարվել եւ ազատ արձակվել Ալեք Ենիգոմշյանը, Վարդան Հակոբյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանը, ակտիվիստներ Կարեն Հարությունյանը, Գեւորգ Սաֆարյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը, Արեգ Կյուրեղյանը` Հայկ Կյուրեղյանի եղբայրը, լրագրող Թեհիմնե Ենոքյանը, Վարդան Հակոբյանը, Տիգրան Վարդազարյանը, Սարգիս Հովսեփյանը եւ այլք:
Նրանց մի մասը բերման են ենթարկվել Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի առջեւից, մյուս մասը` Երեւանում` Ազատության հրապարակից:
Ոստիկանների եւ հավաքված մարդկանց միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով ընդհանուր առմամբ բուժօգնության են դիմել մոտ 30 անձինք, որոնցից 20-ը՝ ոստիկանության ծառայողներ, որոնց հիմնական մասը դուրս է գրվել հիվանդանոցից: Վնասվել են նաեւ ճանապարհային ոստիկանության չորս ավտոմեքենաներ:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում