Գրող, հրապարակախոս Արմեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ասում են քաղաքական գործիչն իրավունք չունի սխալվելու և անգամ, եթե սխալվում է պիտի ժողովրդին բացատրի, որ չի սխալվել, և երբեք, երբեք, երբեք ներողություն չխնդրի, այլապես մարդիկ հասկանում են, որ ավելին են, քան իրենց առաջնորդը և այլևս չեն հետևի նրան: Բայց արի ու տես, որ Լևոնը հերքել է առաջնորդի և նրա խոսքի մասին էս հնացած պատկերացումը: Արդյո՞ք Լևոնը սխալվում է: Այո: Սխալվել է, ասենք, Ռոբի ու Սերժի հարցում և ընդունել է իր սխալը: Կարող է արդյո՞ք Լևոնը սխալվել ոչ թե մարդկանց հարցում, այլ իր քաղաքական հաշվարկներում: Այո, ասենք, սխալվել է, որ չի հաշվառել «խելագարության կանխավարկած»-ը և խոսել է, մշտապես խոսել է և ձեռքբերումների և բացթողումների մասին շատ հանգիստ, հանդարտ խոհերով: Շատերի համար Լևոնը հենց մեկն է, ով մշտապես անկեղծ է եղել իր ժողովրդի հետ, չի շողոքորթել և ասել է երբեմն դառը ճշմատրություններ: Եվ ուրեմն` կորող է արդյո՞ք Լևոնը սխալվել: Այո: Կարող է արդյո՞ք Լևոնը ստել: Ոչ, այլապես նա չի լինի Լևոնը, որին մենք գիտենք իբրև առաջնորդ: Ահա և տարբերությունը: Լևոնի խոսքի մասին: Կարծում եմ` կհամաձայնեք, որ Լևոնի խոսքը ինքնաբավ է ու ամբողջական: Մեր քաղաքական դաշտում չկա առայսօր ավելի հստակ ձևակերպված, պարզ և տրամաբանված խոսք` բոլոր առումներով: Փորձը նաև ցույց է տալիս, որ չնայած երբեմն օգտագործվող բարդ կամ նոր եզրույթներին, նրա խոսքը նաև հանրամատչելի է, և էսօր ուշիմ քաղաքացին արդեն գիտի ինչ է, ասենք, «մերիտոկրատիան», «վոչդոգիզմը» և այլն և այլն: Սա ինչ-որ առումով կենդանի դասական խոսք է, որը ոչ այնքան կարիք ունի մեկնաբանման, որքան անընդհատ և հետևողական մեջբերման: Ահա, երբ մենք ինքներս սկսում ենք մեկնաբանել, թե ինչ էր ուզում ասել Լևոնը, մենք ենթադրում ենք, որ ինքը չի հասկացվել կամ սխալ է հասկացվել, ուրեմն, երբ մենք սկսում ենք գրել վերլուծականներ. իրականում մենք ոչ թե ավելի զորավոր ենք դարձնում նրա ինքնաբավ խոսքը, այլ գրում ենք ազատ ոճի շարադրություն «ինչպես ես հասկացա Լևոնի ասածը» թեմայով, հետևապես «Լևոնն ուզում էր ասել» բառակապակցությամբ սկսվող որևէ միտք նրա բուն խոսքից ավելին չի: Մեր արձագանքները եկեք պայմանականորեն բաժանենք վերլուծականների և հրապարակախոսականների, առաջինները հակահարված են` խոսքի ճշմարտությունը հերքողներին, երկրորդները` կողմնակիցների համոզմունքը վերահաստատող տեքստեր են: Ավելի ճիշտ կլինի, որ մենք վերլուծենք հակառակվողի խոսքը` տալով անունները: Իսկ, երբ գրում ենք հրապարակախոսականներ` մեջբերելով Լևոնին, մենք ավելի հարստացնում ենք նրա խոսքը, քանի որ շեշտադրումներ ենք անում և հուզական նոտաներ ավելացնում: Ուրեմն ոչ թե մեկնաբանելով, այլ հնարավորինս շատ մեջբերելով է հնարավոր նրա խոսքին տալ ապացուցողական նշանակություն: Այդպես էինք մենք վարվում 2007-ի ողջ քարոզչության ընթացքում, որտեղ բոլոր հնչեցվող մեղադրանքներին մենք պատասխանում էին Լևոնի ձևակերպումներով, ոչ թե դրանց անձնական մեկնաբանություններով, և բացահայտում էինք հակադրվողների անկարողությունը` ոչ թե քննարկում ճիշտն ու սխալը: Ելույթները ոչ թե մեկնաբանվում էին, այլ համակողմանի քննարկվում էին: Հուսով եմ` տարբերությունը հասկացվում է: Կար ժամանակին մի շարք` «ինչպես տեսա Լևոնին», հիմա էս հրապարակախոսական տենդենցը վերաճել է` «ինչպես լսեցի Լևոնին». շարունակվելու դեպքում կգան` «ինչպես զգացի Լևոնին», հետո «ինչպիս հեռազգացի Լևոնին» և այլն և այլն: Ներքին հակասություններ, անճշտություններ գտնելու, կամ կարճ ասած Լևոնին ամեն գնով սխալ հանելու հակված մեկի համար «Լևոնը» քաղաքական բրենդ է և ոչ թե խոսք, այսինքն «Լևոն» բրենդն օգտգագործվում է իրենց տրենդն առաջ քշելու համար: Մենք ի՞նչ հիմնավորմամբ պիտի մասնակցենք էս լևոնամեկնության արշավին: Լևոնն ուզում էր ասել, ինչ որ ասեց` ոչ ավել, ոչ պակաս: Պարզ է նրան իբրև առաջնորդ այլևս չընունողներն ինչ են ուզում, բա մենք ի՞նչ ենք ուզում իրենցից. որ Լևոնին բան չասե՞ն, թե՞ որ ձենները կտրեն: Որքանո՞վ է դա հնարավոր, և արդյո՞ք դա հարց է լուծում, արժի՞ կենտրոնանալ, և հանուն դիմացինի կարծիքի հերքման մի ամբողջ ելույթից մի բառ թողնել` «չշեղվեք» և մի կոչ` «Սերժիկ հեռացիր», որ նորություն չի ցանկացած գիտակից քաղաքացու համար և հիշացնում է «անգիր արած կոնսպեկտ»: Նորությունը մեկն է` մայդան չի կարող լինել էս-էս պատճառներով, համաձայն չեք` գնացեք արեք: Կարող է արդյո՞ք Լևոնը սխալվել և այս հարցում: Այո: Կարող է արդյո՞ք հայ ժողովուրդն իր համազգային ատելության սլաքի ուղղությունը փոխել է ու թուրքին թողած ռուսին է ատում: Գուցե: Ո՞րն է անհերքելի ապացույցը` մայդանի կայացումը, որ չկա: Շատ կցանկանայի, որ մեր ժողովուրդն ընդհանրապես ոչ մի այլ ժողովրդի չատեր, բայց ցավոք կա ատելին և դա առայսօր թուրքն է: Մենք հակաթուրք ենք, բայց ոչ հակառուս: Ես չեմ ընդունում Պուտինին, և մասնակցում եմ երթի, բայց արդյո՞ք ես ատում եմ ռուսին: Ոչ: Ես չեմ ընդունում Ստալինին, բայց արդյո՞ք ես ատում եմ վրացուն: Ոչ: Սերը և ատելությունը քաղաքակա՞ն կատեգորիաներ են: Ոչ: Ուրեմն քանի դեռ մայդանը չկա, Լևոնը ճիշտ է: Ուրեմն, ինչպես և նախկինում, բոլոր հակադրվող մեր ընկերներին պատասխանը մեկն է` համաձայն չեք` արեք, թող Լևոնը չգա, առանց իրեն արեք, ես էլ կգամ որպես քաղաքացի ու հայոց մայդանը կզարդարեմ իմ ներկայությամբ: Ուրեմն, գոնե իմ հակադարձումներում հանդես եմ գալու որպես շարքային կոնգրեսական, որն իր կարծիքն ու համոզմունքն է հայտնում` հիմնավորելով Լևոնի ասածով, և ոչ թե հանդես է գալիս որպես Լևոնի մեկնիչ: Հետևապես «Լևոն մեսինջերի» իմիջը գոնե ինձ համար վիճարկելի է, որովհետև մենք ընկնում ենք «կուժ ասեմ` կուլա լսի» վիճակի մեջ, մինչդեռ ակնառու է, որ հնչեցվել են հասարակությանը հուզող հարցեր և տրվել պատասխաններ: Ով համաձայն չի, թող գործով ապացուցի, որ Լևոնը սխալվել է: