«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. Օրերս մամուլում արտահոսք եղավ «գողական աշխարհի» անցուդարձի մասին: Գրվեց, թե կրիմինալ աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելքոնյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Տեղի ունեցածի շրջանակներում շոշափվեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի անունը: Սակայն թե Աբրահամյանի որդին, թե Օշականցի Գևորիկի ընտանիքը հերքեցին տեղի ունեցածը: Մինչդեռ «ՉԻ» տեղեկություններով միջադեպ, այնուամենայնիվ տեղի է ունեցել, և կատարվածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել է միայն Օշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ են եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և Երրորդ մասից Լյովիկը:
Թերթի տեղեկություններով ինչ-որ մեկը ինչ-որ հարցով հեռախոսազրույց է ունեցել Օշականցի Գևորիկի հետ, որի ժամանակ Օշականցին հայհոյել է իր հետ խոսողին: Սա էլ նույն հայհոյանքով հակադարձել է Օշականցուն՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը օրենքով գող է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել է քրեական հեղինակություններին՝ քանաքեռցի Տույին և երրորդմասցի Լյովիկին՝ նրանց խնդրելով լուծել իր խնդիրը Օշականցու հետ՝ վերջինիս տեղյակ պահելով, որ ինքը հայհոյել է՝ առանց ճանաչելու, թե ով է հեռախոսով զրուցել իր հետ: Քրեական երկու հեղինակությունների, և հեռախոսազրույցի բռնված անձի ու օրենքով գողի հանդիպումը կայանում է Երրորդ մասում: Հանդիպման շրջանակներում տրված բացատրություններից հետո Օշականցի Գևորիկը, չնայած այն բանին, որ քրեական հեղինակությունները միջնորդել են իրեն հայհոյած քաղաքացուն ներել, այնուամենայնիվ, պահանջում է Տույից և Լյովիկից պատժել՝ «նակազատ անել» իրեն հայհոյած անձին:
Այդ ժամանակ ի պատասխան՝ Լյովիկն ասում է, թե իրենց դիմած անձը ոչ թե իրենց «ախրանիկն» է, որին կարող են «նակազատ անել», այլ իրենց հարազատ մարդկանցից է: Խոսակցությունը թեժանում է, որի ժամանակ Օշականցի Գևորիկը, դուրս գալով ափերից, ապտակում է «բազառին» ներկա, իրեն հայհոյած անձնավորությանը: Արդյունքում ծեծկռտուք է սկսվում, և Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծի են ենթարկում Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս: Կրիմինալ աշխարհում գողին ծեծելը համարվում է ծանրագույն հանցանք, և հիմա խնդիրն այն է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները այս պատմության շրջանակներում: Օշականցին օրենքով գող է, սակայն իրենց ազդեցությամբ նրան չեն զիջում նաև մյուս երկուսը:
«ՉԻ» տեղեկություններով գողական աշխարհը միջադեպից անհանգստացած է: Թերթը հավելում է նաև, որ Լյովիկն ու Տուն ակտիվորեն «աշխատում» են ընտրությունների ժամանակ՝ գործող ռեժիմի համար ձայների լուրջ քանակ ապահովելով: Ի դեպ՝ նրանք այնքան հարգված են իշխանությունների շրջանակներում, որ հաճախ վերջիններիս կարելի է տեսնել ՀՀԿ-ականների զավակների հարսանիքներին եւ կնունքներին:
Առավել մանրամասն` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: