▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ և ինչո՞ւ էր ցանկանում պայթեցնել նախկին ռեկտորի բնակարանը.«Ժողովուրդ»

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանն իր դեմ իրականացված մահափորձը դեռեւս թյուրիմացություն է համարում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբյանը՝ նշելով, որ թշնամիներ չունի, բոլորը բարեկամներ են:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը հայտնել է, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:

Ավելի ուշ պարզվել է, որ նշված չօգտագործվող բնակարանի մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ եւ պայթուցիչ, որոնք վնասազերծվել են: Իսկ, ահա, չօգտագործվող բնակարանը պատկանում է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին:

Եվ այսպես՝ ով եւ ինչու էր ցանկանում պայթեցնել Վիլեն Հակոբյանի բնակարանը կամ արդյո՞ք ցանկանում էր պայթեցնել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի հետ:

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում Ձեր շուրջ, ինչի՞ հետեւանք է պայթյունի փորձը:

-Սա ոչինչի հետ կապված չէ, իմ դիմացի բնակարանի վրա է այդ սարքը եղել ու վերագրել են ինձ: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, մուտք ու ելք ունեմ, այդ բնակարանի վրա չի եղել:

-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատվել: Ըստ տեղեկությունների՝ այդ չօգտագործվող բնակարանը Ձեզ է պատկանում:

-Չգիտեմ: Այն ինձ հետ չեմ կապում, ծայրահեղ դեպքում՝ թյուրիմացություն կարող է լինել:

-Իսկ եթե պարզվի հակառակը, որ Ձեր թշնամիներն են Ձեր մահը կամ հարազատների մահը ցանկանում:

-Թշնամիներ չունեմ, չեմ էլ ունեցել, միայն բարեկամներ ունեմ: Ես դեռ ենթադրում եմ, որ դա կարող է երեխաների խաղալիք լինել, դեռ վստահ չեմ, որ դա կարող է մարտական պայթուցիկ սարք լինել:

-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այն խաղալիք չէ, այլ «Ֆ-1» տիպի նռնակ:

-Չգիտեմ: Կրկնում եմ՝ չեմ կապում իմ հետ, քանի որ, առավել եւս հիմա, ոչ մի ֆինանսական հարցեր չունեմ որեւէ մեկի հետ, ոչ էլ աշխատանքային հարցեր կան:

-Իսկ նախկինում ունեցե՞լ եք:

-Դե, հիմա...:

-Քաղաքական որեւէ ենթատեքստ չե՞ք տեսնում կատարվածում:

-Արդեն 3-4 տարի է, ինչ իմ քաղաքական ակտիվությունը լրիվ վերացրել եմ: Կարծում եմ՝ թյուրիմացություն է, թե չէ այսպիսի խաղ խաղալ... չեմ կարծում, որ դա իրական է:

-Հնարավո՞ր է, որ Ձեզ փորձում են վախեցնել:

-Ինչի համար, չէ, չեմ  կարծում:

Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ (Սպանությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի` (ապօրինի ռազմամթերք) հատկանիշներով: Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտորի եւ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի միջեւ 2005 թվականին հեռակա լեզվակռիվ եղավ այն փաստի շուրջ, որ թեեւ ռեկտորի տարիքը լրացել էր, սակայն նա չէր լքում պաշտոնը: Արա Ավետիսյանը հայտարարեց, թե որոշ ռեկտորներ պարզապես կառչած են իրենց աթոռներից, որից հետ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանը, կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը, ինչպես նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը հրաժարականի դիմումներ գրեցին:

Ավետիսյանի այս հայտարարությունն այնքան էր զայրացրել Վիլեն Հակոբյանին, որ վերջինս ասել էր, թե. «Գտնում եմ, որ պարոն Ավետիսյանն իր խոսքերով վարկաբեկել է ոչ միայն ռեկտորներին, այլեւ իր կուսակցությանը՝ հավանաբար ղեկավարվելով այն սցենարով, որ կուսակցությունն օգտագործում են աթոռ զբաղեցնելու համար: Ես եւ շատ ռեկտորներ իրենց աթոռները զբաղեցրել ենք առանց կուսակցականությունը չարաշահելու»: Հանրապետական կուսակցությանը հասցեագրված քննադատությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Վիլեն Հակոբյանին 2005 թվականին ավտոմեքենայի բանալիներ նվիրեց` շեշտելով, որ նվերն անում է ռեկտորի 75-ամյակի առիթով:

Հ.Գ. Դեռեւս 2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը (Իմակի Գագոն): Դեպքից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարծիք էր հայտնել, որ Պողոսյանի սպանությունը կապված էր նրա աշխատանքային գործունեության հետ: Ավելի ուշ սպանության հետ կապված՝ մամուլում հրապարակումներ են եղել, որոնց համաձայն՝ հանցագործության կազմակերպիչը եղել է Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը: Սակայն սպանությունն այդպես էլ չբացահայտվեց եւ հետագայում  կասեցվեց՝ հանցագործ անձի անհայտ լինելու հիմքով: Տեղեկացնենք, որ Գագիկ Պողոսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի աներն էր:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее