Օրեր առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած միջադեպի «հերոսը» մինչ այս պահը չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, երբ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները փորձել են խուզարկել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբորորդու՝ Վրթանեսի բնակարանն ու գրասենյակը, վերջինս` իր BMW X5 մակնիշի ավտոմեքենայով փախել է դեպքի վայրից` մեքենան քշելով երկու ոստիկանի վրա, իսկ դրանից առաջ էլ կրակոցներ արձակելով ոստիկանների ուղղությամբ:
Հարկ է նշել, որ հայտարարվել էր ավտոհետախուզում, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել:
Առաջին իսկ պահից ակնհայտ էր, որ ինչ-որ ազդեցիկ ուժերի կողմից փորձ էր արվում մեղմացնել հանցանքը և ընդհանրապես «ջրել» այս արտակարգ պատահարը` դեպքերը ներկայացնելով այլ կերպ:
ASEKOSE.am-ի տեղեկություններով` միջադեպից հետո դատախազությունից ոստիկաններին խոստացել են, որ ծնողը Վրթանեսին կներկայացնի ոստիկանություն: Սակայն մինչ այս պահը նման բան չի եղել:
Ըստ տեղեկությունների, ոստիկանության աշխատանքին խոչընդտում է հենց դատախազությունը` խոստումից հետո ավելի ուշ հայտարարելով, թե հետախուզման համար բավարար հիմքեր չկան:
Փաստացի, արտակարգ պատահարի գործով մինչ այս պահը որևէ զարգացում չկա, ավելին`մինչ այսօր խուզարկություն իրականացրած քննիչների ու ոստիկանների նկատմամբ ընթանում է ծառայողական քննություն:
Հիշեցնենք, որ Վրթանես Հակոբյանի անունը կապվում է Մալաթիա-Սեբաստիա համայքնի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու մահվան հետ:Նշենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:
ASEKOSE.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Ստեփան Հակոբյանի հովանավորը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն էր: