«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած մամուլի մի շարք հրապարակումներին՝ դեկտեմբերի 29-ին գեներալ Մանվելի անմիջական մասնակցությամբ Էջմիածնում տեղի ունեցած ծեծկռտուքի ու Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանին ծեծելու մասին, ոստիկանությունն այդպես էլ որեւէ կերպ չարձագանքեց այդ դեպքին ու հրապարակումներին: Ընդ որում՝ մամուլում գրվել էր, որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով՝ քաղաքի կենտրոնական մասում, բազմաթիվ ականատեսների ու Հրաչ Աբգարյանի կնոջ ու աղջկա ներկայությամբ:
Ըստ «Հրապարակ»-ի՝ Էջմիածնի նախկին քաղաքապետը ամանորյա գնումներ կատարելու համար մեքենան կայանել է սուպերմարկետի հարեւանությամբ եւ դուրս է եկել այն պահին, երբ ինչ-որ մարդիկ իջեցնելիս են եղել նախկին քաղաքապետի մեքենայի անիվները: Երբ փորձել է կանխել, գեներալի թիկնազորը վրա է տվել, եւ սկսվել է ծեծկռտուքը:
Մեզ հասած տեղեկություններով՝ եղել են փոխադարձ հայհոյանքներ: Մեքենայից իջել է գեներալ Գրիգորյանը եւ անձամբ արմունկով ծեծի ենթարկել նախկին քաղաքապետին, որի ձեռքերը ոլորած է եղել իր թիկնազորը: Որոշ տեղեկություններով՝ հաշվեհարդարը շարունակվել է նաեւ դեպքից հետո, երբ տաքսիով տուն հասած նախկին քաղաքապետին արդեն տնից են դուրս հրավիրել:
Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված Հրաչ Աբգարյանը հիվանդանոց չի դիմել, սակայն նրա մոտ բժիշկ է գնացել, քանի որ ծեծի արդյունքում շատ վատ վիճակում է եղել:
Ի դեպ՝ մամուլում բազմիցս է գրվել, որ գեներալ Մանվելը, շրջանցելով ոստիկանությանը, Էջմիածնում սեփական ճանապարհային կանոններն է սահմանել, որոնք ընդհանուր օրենքի շրջանակում չեն, եւ խստորեն պատժում է նրանց, որոնք չեն ենթարկվում այդ կանոններին ու մեքենան կայանում են ՀՀԿ-ական պատգամավորի համար անցանկալի վայրում: Օրինակ՝ այս սեպտեմբերին նմանատիպ դեպք է կատարվել ԿԳ նախարարի վարորդի հետ, որին գեներալի մարդիկ կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքը, ու նախարարի վարորդը ենթարկվել է:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մկրտչյանին մի քանի հարց ուղղեցինք այդ առթիվ:
Պարոն Մկրտչյան, մամուլում մի քանի հրապարակում եղավ Էջմիածնում ծեծիառթիվ, ինչո՞ւ որեւէ բան չի ձեռնարկում ոստիկանությունը:
Նման փաստ չկա մեզ մոտ արձանագրված, դա չի համապատասխանում իրականությանը:
Սակայն մամուլում գրվել է, եւ մամուլի հրապարակումների հիմանվրա դուք կարող եք նյութեր նախապատրաստել: Բացի այդ, Հրաչ Աբգարյանըմամուլում չի հերքել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մենք դեռեւս մամուլում նման բան չենք հայտնաբերել, ուղղակի մամուլի գրածով ստուգումներ ենք իրականացրել, պարզել ենք, որ չի համապատասխանում իրականությանը: Օպերատիվ հարցումներ ենք կատարել տարածքում, էնտեղ որտեղ նման բանի մասին խոսվում է, դեպքի հետ կապված հարցումներ ենք արել, ոչ մի բան չի համապատասխանում իրականությանը: Եթե կան նման փաստեր, կարող են մեզ մոտ հաղորդում տալ, մենք կզբաղվենք: …Հրաչ Աբգարյանն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել:
Գեներալ Մանվելն է՞լ է ասել, որ նման բան չի եղել:
Այո, մենք հարցումներ ենք արել քաղաքացիներից, ժողովրդից, համապատասխան մարդկանցից, ում մասին որ նշվում է, նման փաստ չի արձանագրվել:
Կոնկրետ պատգամավորին հարցրե՞լ եք, որովհետեւ ասվում է, որ նա անձամբ էհարվածել նախկին քաղաքապետին:
Հարգելիս, ես ասացի՝ ստուգում ենք արել, բանավոր հարցումների արդյունքում նման դեպք տեղի չի ունեցել: Եթե կա տուժող, կարող են դիմել ոստիկանություն, մենք օրենքով նախատեսված կարգով քննություն կիրականացնենք:
Մամուլում բազմիցս գրվել է, որ Էջմիածնում գեներալ Մանվելըպատժում է իրհամար անցանկալի վայրում կայանած մեքենաների վարորդներին: Սանշանակո՞ւմ է, որ Էջմիածնում ոստիկանապետ Մանվել Գրիգորյանն է,ոչ թե Վլադիմիր Գասպարյանը:
Չի կարող նման բան լինել: Ոստիկանությունն իր դիրքերում կանգնած է ժողովրդի կողքին, ծառայում է օրենքին եւ ժողովրդին: Ու չի կարող անպատժելի մարդ լինել, որ հանցագործության դեպք տեղի ունենա եւ չարձանագրվի ու օրենքի առաջ պատասխան չտա:
Սակայն, փաստորեն, ճանապարհային ոստիկանության գործառույթնիրականացնում է Մանվել Գրիգորյանը՝ որոշելով, թե ով որտեղ պիտի մեքենանկայանի:
Հարգելիս, տենց բան մեզ մոտ չի արձանագրվել: Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում նման փաստ: Չգիտեմ՝ նախկիններում ինչ է եղել, մի քանի տարի առաջ, բայց իմ աշխատած ժամանակահատվածում նման փաստ չունենք: …Դա ոստիկանությունն է որոշում, եւ կան համապատասխան ճանապարհային նշաններ, թե որտեղ կարելի է կայանել, որտեղ՝ ոչ:
Փաստորեն այսօր Էջմիածնում որոշակիորեն վախի մթնոլորտ է, որ մարդիկ խուսափում են դիմել ձեզ:
Պատկերացրեք, ոչ ոք չի խուսափել մեզ դիմելուց, էսօր էնքան շատ են դեպքերը, որ… նախորդ ժամանակահատվածի համեմատ դեպքերն ավելի շատացել են:
Գեներալ Մանվելի հետ կապված ձեզ դիմո՞ւմ են:
Դեռեւս չի եղել նման փաստ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում