Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով ամենայն հավանականությամբ Վարդան Օսկանյան - Լևոն Զուրաբյան զրույցին ներկա է եղել նաև երրորդ անձ:
Այս մասին գրում է galatv.am-ը, որի թղթակցի հետ զրույցում , անդրադառնալով համացանցում տեղ գտած ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությանը, Արամ Կարապետյանն ասել է. «Իմ կարծիքով ամենահետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը, դժվարանում եմ ասել՝ եղե՞լ է երրորդ անձ, թե՞ ոչ, բայց կրկնում եմ՝ հետաքրքիրն այն է, թե ով է ձայնագրել»:
«Ոչ մի լավ բան իհարկե չկա այստեղ, իսկ թե ում էր պետք սա տարածել, չեմ կարող ասել, սովորական զրույց էր»,- ասել է Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավարը:
«Իմ կարծիքով, քանի որ քաղաքականություն ֆորմալ առումով դեռ չկա, մնացածն էլ, ըստ էության, ինտրիգներ են»: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համացանցում հայտնված այդ զրույցի ձայնագրությունը, այս հարցին Արամ Կարապետյանը պատասխանել է. «Կարծում եմ, որ սրանք ինտրիգներ են, որոնք որոշ առումով կարող են հարված հասցնել այդ զրուցակիցներին: Ձայնագրությունը տարածողը, կարծում եմ, հենց այդ նպատակն է ունեցել»: