▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է աջակցելու ՔՊ-ին ավագանիում

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստ է հրավիրվելու, օրակարգում ավագանու ընդդիմադիր անդամներին՝ Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին, Գեւորգ Ստեփանյանին, Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու հարցն է: Բայց ՔՊ-ն եւ դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունը միասին չունեն բավարար ձայներ, եւ եթե մյուս 3 ֆրակցիաներից ոչ ոք չմասնակցի նիստին, քվորում չի լինի, նիստը կտապալվի։

Մարությանի ղեկավարած «Ազգային առաջընթացը» եւ «Մայր Հայաստանը» հայտարարել են նիստը բոյկոտելու մասին, Դոգը՝ Վարդան Ղուկասյանը, «Հանրային ձայնի» անունից է վստահեցրել, որ չեն մասնակցելու նիստին եւ առհասարակ` բոլոր նիստերին, կոչ անելով գնալ նոր ընտրությունների։

Բայց ընդդիմադիրները կասկածներ ունեն, որ «Հանրային ձայնից» նիստին մասնակցող կլինի։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերեւա այսօր, բայց հնարավոր է, որ անգամ եթե այսօրվա նիստը տապալվի, որոշ ժամանակ անց այն կրկնեն եւ հաջողության հասնեն»:

Թարմացված․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ է սպասվում. քննարկվելու է ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու հարցը: Իշխանությունների թիրախում այս անգամ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է, «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, Սոնա Աղեկյանը, Գեւորգ Ստեփանյանը եւ Նարինե Հայրապետյանը, որն իր շուրջ բարձրացած աղմուկից հետո լքել է Հայաստանը:

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն է ու քվեարկություններին չմասնակցելը:

Երեւան քաղաքում, ՏԻՄ օրենքի համաձայն, ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Ավագանին բաղկացած է 65 անդամից, այսինքն՝ որպեսզի ավագանու անդամները զրկվեն մանդատից, անհրաժեշտ է լինելու 33 ձայն:

Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը եւ նրանց հետ կոալիցիոն հուշագիր կնքած «Հանրապետությունը»-ը միասին ունեն 32 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ 33:

Այսինքն՝ ստացվում է՝ եթե իշխանություններին հաջողվի ընդդիմադիրներից մեկ ձայն կորզել, ապա կհասնեն իրենց նպատակին, ու ընդդիմադիր ավագանու հինգ անդամները կզրկվեն մանդատներից:

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գնալու են քաղաքապետարան, բայց նիստին քվորում չեն ապահովելու, «Հանրային ձայն» խմբակցությունից նույնպես հայտնեցին, որ չեն մասնակցելու նիստին:

Այսպիսով, եթե ընդդիմադիրները վերջին պահին չմտափոխվեն ու հետ չկանգնեն իրենց որոշումից, ապա քաղաքային իշխանությանն այսօր չի հաջողվի հասնել իրենց նպատակին ու մանդատից զրկել ընդդիմադիր ավագանու անդամներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее