▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրիշ խաղեր Օպերայում. Հասմիկ Պողոսյանն ընտրելու է Արման Ծատուրյանին

Ապրիլի 4-ին կայանալու է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը. հայտեր ներկայացնելու ժամկետն ավարտվել է, բայց մշակույթի նախարարությունը մինչ օրս չի հրապարակել հայտատուների անունները:

Մամուլում ու համացանցում, սակայն,  նշվում է, որ  մրցույթին մասնակցելու հայտ  ներկայացնողների մեջ են  ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը,  կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը և այլն: 

Սակայն, ըստ հավաստի աղբյուրների, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համակրանքը երկրի գլխավոր թատրոնի տնօրենի պաշտոնի համար կանգ է առել հայտատուներից մեկի` Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն  Արման Ծատուրյանի վրա, ում անունը, հատկապես, խնամքով մինչ օրս փորձ էր արվում թաքցնել հայտատուների շարքից.  արդյունքում մշակույթի նախարարությունը թաքցնում էր նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի բոլոր հայտատուների անունները, թերևս, քննադատություններից ու բողոքի տարբեր դրսևորումներից խուսափելու նպատակով: Ավելացնենք, որ  առնվազն ևս երկու թեկնածուի անուն դեռ Մշակույթի նախարարությունը գաղտնի  է պահում` նշելով, որ մցույթի մասնակցության պայմաններում առկա է անձի գաղտնիության սկզբունքը: Շատերի կարծիքով` այդ թեկնածուների մեջ է անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանի անունը, ով, ըստ ասեկոսեների, շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին ու տեղափոխվելու է Օպերա. այս լուրը նախարարությունը բազմից հերքել է  ու այսօր էլ հերքում է:

Իսկ վերադառնալով Արման Ծատուրյանին, նշենք, որ նրա անունը շատերը կապում են  Արամ Ղարաբեկյանի դեմ ծավալված արշավի հետ, որից հետո սիրված դիրիժորը ստիպված լքեց այդ պաշտոնն ու հետո նաև հայրենիքը:

Ի դեպ, արվեստագետ Լևոն Մութաֆյանը, ով նույնպես ուզում էր մասնակցել մրցույթին, սակայն հրաժարվել էր այդ գաղափարին` իմանալով, որ դրան մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը,    ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել Արման Ծատուրյանի մասին.

«Ասում են, Արման Ծատուրյանն ամեն տեղ հայտարարում է, թե ինքն ու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը քավոր-սանիկ են, թե իր մայրն ԱՄՆ-ում շատ է աջակցել Վիգեն Սարգսյանին, դրա համար էլ իր տնօրեն դառնալու հարցերը լուծված են...
Չեմ հավատում, որ Վիգեն Սարգսյանը թույլ տա, որ իր անունը շահարկեն, իրեն ներքաշեն անազնիվ խաղերի մեջ: Ուզում եմ չհավատալ, որ Արմանն էլ կարող էր խոսել Վիգեն Սարգսյանի աջակցության մասին:
Արման Ծատուրյանը կիրթ մարդ է, լավ է հասկանում, որ եթե կա Բարսեղ Թումանյանի անունը, ապա ուրիշ խաղեր չեն կարող լինել: Չնայած առաջադրված է նաև բազմափորձ ու բազմագիտակ իմ ընկերը ևս՝ Գագիկ Մանասյանը...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее