▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր եք դուք գնում էսպես անգաղափար, անհայրենիք ու տկլոր

«Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից»։

Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը»



Նորից նայեցի էդ անմոռուկ տեսահոլովակը:

Ուրեմն, էդ խոտի 5 թերթիկը խորհրդանշում են աշխարհի հինգ մայրցամաքները, ուր հայերը ցրվեցին Եղեռնից հետո, ինչպես նաև, ուր շատ հայեր դեռ մեծ հաճույքով շարունակում են ցրվել:

Ոչ մի խոսք Հայաստանի մասին: Ո՛չ Արևմտյան, ոչ էլ, շատ տարօրինակ կերպով, Արևելյան Հայաստանի մասին: Ուրեմն, ստացվում է, որ հայերի հայրենիքը՝ կորուսյալ ու ներկայիս, տեղ չունի՞ եկող տարվա էդ ձեր պատկերացրած փիար բոմբի գաղափարախոսությունում:

Փոխարենը կա «հայ հոգևորականների կողմից հաճախ օգտագործվող» մանուշակագույնը...

Այսինքն, 5 մայրցամաքներում ցրված հայեր, անհայրենիք, անհայաստան հայեր ու միավորող եկեղեցի... Ինչ-որ ծանոթ գաղափար է... Տիգրան Սարգսյան, «Պետության վախճանը» ռեֆերատ... Իզուր չէր փաստորեն էդ մարդն էդքան բրդում իր գաղափարները, ոմանց կրեատիվ խելքներին լրիվ պառկեցին ու տեղավորվեցին դրանք...

Անցնենք առաջ:

Իսկ Մասիսն ինչի՞ չկա ձեր "տոնախմբությունների" խորհրդանիշների մեջ: Հաաա, դուք մոդեռն եք, կարծրատիպերից հոգնած ու դրանք ջարդո՞ղ: Բայց ինչ-որ մի աղոտ նմանություն եմ զգում մի 6 տարվա հնության դեպքերի հետ կապված: Մասիս, Մասիսի պատկերը վերացնելը, ֆուտբոլի հավաքական, Գյուլ, պաշտոնական հրավերք ...

Աաաա, ուրեմն, կարելի է ենթադրել, որ թուրք նախագահ կգա եկող տարի... Ու դոշին կխփի էդ ձեր հորինած, անսեռ ու անամոթաբար չեզոք անմոռուկը: Ինչպիսի քաղաքական պատշաճություն:

Անսեռ, չեզոք, անգաղափար, տեղով գենդեռ:

Դուք գոնե մոտավորապես պատկերացնում եք, թե ինչ եք անում:

Ու ու՞ր եք դուք գնում էսպես անգաղափար, անհայրենիք ու տկլոր:

 

Նոնի-Նո բլոգ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее