«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանելիս ուշագրավ բացահայտում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին մի քանի հարցեր էր ուղղել` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, որոնց թվում նաեւ հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ԱՄՆ վերաբերում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ, եւ արդյոք խաղաղապահներ տեղակայելու ծրագրի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն կա:
«Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետը փաստացի գաղտնազերծել է, թե ովքեր չեն կարող լինել խաղաղապահ ուժերի կազմում: «Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»,- «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում նշել է Ուորլիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում