▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է խանգարում Ծառուկյանը. «Ժամանակ»

«Գագիկ Ծառուկյանին նախագահական հավակնություններով սնուցելը նրա համար հավասարազոր է լինելու ֆալստարտի, որն իհարկե ձեռնտու է բոլորին, նույնիսկ նրա ոչիշխանական գործընկերներին, սակայն ոչ Գագիկ Ծառուկյանին: Խնդիրն այն է, որ Ծառուկյանի նախագահության թեման ըստ էության նվեր է Սերժ Սարգսյանին, որովհետեւ եթե այսօր Ծառուկյանն ի զորու չէ նրա հրաժարականի հարցն անգամ բարձրացնել, ապա պատկերացնել կարելի է, թե նման թեկնածու-գլխավոր մրցակիցը ինչքան հարմար կլինի Սերժ Սարգսյանի համար:
Միեւնույն ժամանակ, մեկ նախագահական պարտված ընտրությունները փակելու է Գագիկ Ծառուկյանի քաղաքական թեման այնպես, ինչպես փակվել է մինչ այս «պարտված» մյուս գործիչների՝ Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի թեմաները: Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանի գործոնը քաղաքական դաշտում չեզոքացնելու համար անհրաժեշտ է նրան կարգել նախագահական թեկնածու՝ ոչիշխանական թեկնածու: Խնդիրն այն է, որ այս գործոնն իրապես սկսել է խանգարել բոլորին, նաեւ այն պատճռով, որ անկախ առաջադրվելուց կամ չառաջադրվելուց՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում իր ներկայությամբ միայն մեկ հարց է, որ հիմնովին լուծում է՝ հանդիսանում է բուֆեր Սերժ Սարգսյանի համար: Ծառուկյանից ազատվելը ըստ էության դառնում է ավելի ու ավելի անհրաժեշտ եւ՛ Ռոբերտ Քոչարյանի, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ՛ նաեւ, այսպես ասած, իշխանության միջանկյալում խաղալ ձգտող Հովիկ Աբրահամյանի համար: Գագիկ Ծառուկյանը մի կողմից նրանց ջրի երեսին պահողն է, մյուս կողմից, սակայն, թույլ չի տալիս լողալով առաջ գնալ: Սրա լավագույն վկայություններից մեկն է Վարդան Օսկանյանի վիճակը ԲՀԿ-ում:
Հիշեցնենք նրա պերճախոս արտահայտությունը 2013-ին, որ կարծում է՝ Ծառուկյանը պետք է անպայման առաջադրվի, իսկ եթե նա չի առաջադրվում, ապա առաջադրվելու պատրաստ է ինքը՝ Վարդան Օսկանյանը: Սակայն Ծառուկյանը եւ՛ ինքը չառաջադրվեց, եւ՛ Օսկանյանին թույլ չտվեց առաջադրվել: Եվ մեծ է հավանականությունը, որ, խոշոր հաշվով, նույն իրավիճակը կրկնվելու է նաեւ 2018 թվականին, ինչի համար էլ երեւի թե, ըստ էության, որոշակի շրջանակներ շահագրգռված են Ծառուկյանի նախագահության թեման հասունացնել ժամանակից շուտ, թեեւ Սերժ Սարգսյանն այս դեպքում շահագրգիռ կլինի թեման պահել «ծառի» վրա մինչեւ 2018 թվականը: Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանին այդ թեման պետք է ոչ թե այժմ, այլ 2018-ին մոտ, իշխանական իր թեկնածուի համար, այսպես ասած, ֆոն ապահովելու համար: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Ծառուկյանն արգելակի 2018-ին, բնականաբար ձգտում են նրա թեկնածությունը հասունացնել ինչքան հնարավոր է շուտ»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի  այսօրվա  համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее