Տարբեր երկրներում ընդդիմությունը, որպես կանոն, ունենում է նաև արտաքին քաղաքական արժևորում՝ ելնելով սպեցիֆիկ իրավիճակից:
Եվրոպական երկրներում, ավելի քիչ՝ ԱՄՆ-ում, ընդդիմությունը երկար տարիներ ասոցացվում էր Սովետական Միության հետ՝ որպես սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսության կրող:
Սառը պատերազմի ավարտից հետո արևմտյան երկրներում ընդդիմությունը կորցրել էր արտաքին քաղաքական նշանակությունը, որովհետև գործող գրեթե բոլոր հիմնական ուժերը գլոբալ առումով միևնույն դոկտրինալ հենքի վրա էին:
ԵՄ-ում և մասամբ՝ ԱՄՆ-ում, իրավիճակը փոխվեց ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ ուժերի ազդեցությունների մեծացմամբ, որոնց դիրքորոշումները միջազգային հարցերում սկսեցին տարբերվել մեյն-սթրիմից, և առաջացավ գայթակղություն՝ պիտակավորել այս կամ այն ուժին կամ գործչին՝ որպես «Պուտինի մարդ», «Չինաստանի լոբբիստ» և այլն: Իսկ այն երկրներում, որտեղ նոր ուժերը հասել են իշխանության, ինչպես, օրինակ, Հունգարիայում, ընդդիմությունը սկսեց դիտարկվել՝ որպես «սորոսական», «բրյուսելյան»կամ «վաշինգտոնյան»:
Հետխորհրդային տարածքում և Բալկաններում իշխանություն-ընդդիմություն հակամարտող զույգերից այս կամ այն արտաքին քաղաքական վեկտոր թողնում էր և առ այսօր, որպես կանոն, թողնում է իր ազդեցությունը: Օրինակ, Սերբիայի նախագահ Վուչիչին, որի կուսակցությունը, ի դեպ, ԵԺԿ անդամ է, հակադրվում են առավել արևմտամետ ուժեր: Ռուսաստանի «ոչ համակարգային» ընդդիմությունն ամբողջությամբ Արևմուտքի հովանու ներքո է:
Արևմուտքն անթաքույց սատարում է նաև Բելառուսի ընդդիմությանը, ուկրաինական ընդդիմությունը նույնպես ամբողջությամբ արևմտամետ է: Ռուսաստանն իր հերթին՝ այս կամ այն կերպ ասոցացվում է Մոլդովայի մի շարք ընդդիմադիր շրջանակների հետ:
Հաշվի առնելով Հարավային Կովկասի դերակատարումը, փորձենք հասկանալ՝ ինչպիսի գեոպոլիտիկ «հրապուրանք» ունեն ընդդիմությունները մեր տարածաշրջանի երկրներում:
1. Թուրքիա
Հիշո՞ւմ եք, թե ինչ աժիոտաժ էր համաշխարհային մամուլում Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ կապված, որոնցում գործող Էրդողանին հակադրվում էր էլ ավելի ատլանտյան համբավ ունեցող թեկնածուն: Վստահ եմ, շատ-շատերն արդեն մոռացել են նրա անունը՝ Քըլըչդարօղլու:
Այս օրինակը դասական է. Արևմուտքը ճնշում գործադրեց Էրդողանի վրա, հասցրեց գագաթնակետին, կորզեց Էրդողանից խոստումներ և զիջումներ և «բարեհաջող բրախեց» արևմտյան թեկնածուին:
2. Վրաստան
2003 թվականից եվրոպական ուղղությունը նախընտրած մեր հարևան պետության ներսում Սահակաշվիլու օրոք Մոսկվան փորձեց ձևավորել սեփական ազդեցությունն ընդդիմության վրա (հիշո՞ւմ եք ՌԴ նախագահի հանդիպումը Նինո Բուրջանաձեի հետ), սակայն չհաջողեց:
Երբ Վրաստանում իշխանության եկավ առավել հավասարակշռված և չափավոր քաղաքական ուժ, վրացական ընդդիմության գեոպոլիտիկ սպեցիֆիկան փոխվեց, և վրաց այսօրվա ընդդիմությունն ամբողջությամբ վայելում է արդեն հենց Արևմուտքի անթաքույց աջակցությունը՝ քաղաքականից մինչև քարոզչական:
3. Իրան
Հաշվի առնելով այս պետության սպեցիֆիկան՝ երկրի ներսում բացահայտ արևմտամետ քաղաքական ուժեր չեն գործում, թեպետ տարաբնույթ ծայրահեղականներին (քրդական, բելուջական, արաբական, թյուրքական) հաճախ ասոցացնում են հենց Արևմուտքի որոշ շրջանակների հետ:
Դրա փոխարեն՝հակաիսլամական իրանական վտարանդի կառույցներն ունեն արևմտյան աջակցություն:
4. Ադրբեջան
Այստեղ բռնապետական ռեժիմը հաջողությամբ ճնշում է ընդդիմության երկու թևերին՝ իսլամական և ազատական: Իսլամական ընդդիմությանն Ալիևն Արևմուտքում ներկայացնում է՝ որպես իրանամետ, ինչը գրեթե քարտ-բլանշ է նրանց ջախջախելու համար:
Ինչ վերաբերում է «լիբերալ» ընդդիմությանը, ապա մոտ 250 քաղբանտարկյալների գոյությունն ադրբեջանական բանտերում, ազատ մամուլի բացահայտ ճնշումը, հակաժողովրդավարական ընտրությունները, տոտալ կոռուպցիան թեպետ մշտապես ֆորմալացվում են տարաբնույթ միջազգային զեկույցներում և բանաձևերում, սակայն ռեալ քաղաքական ազդեցություն չունեն Արևմուտքի կողմից Ալիևի հետ կառուցվող հարաբերություններում: Կարճ ասած, Ալիևի հետ գլոբալ լեզու են գտել, իսկ ընդդիմությանը բաժին են հանել զեկուցային թուլափայ: Ալիևի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակն ամբողջությամբ բավարարում է նաև պաշտոնական Մոսկվային, ով այլ քաղաքական շրջանակների հետ աշխատելու կարիք չի էլ տեսնում:
5. Եկանք-հասանք Հայաստանին
Հայաստանի Երկրորդ և հատկապես Երրորդ նախագահների օրոք սրվող գեոպոլիտիկ զարգացումներին զուգընթաց՝ մեր երկրում գործում էին թե՛ հյուսիսամետ, թե՛ արևմտամետ համբավ ունեցող ընդդիմություններ, որոնց ֆոնին իշխանությունը վարում էր պետական շահերից բխող ցենտրիստական, հավասարակշռված քաղաքականություն:
2018թ.-ի նիկոլական կործանարար ավանտյուրան երկու բևեռների համար էլ դիտարկվեց՝ որպես «հնարավորությունների պատուհան», ինչը հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին (հիշո՞ւմ եք Երրորդ նախագահի խոսքերը՝ «Ես պարտվել եմ շատ ավելի հզոր ուժերի…»):
2020թ.-ից հետո Հայաստանում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ: Նիկոլից էլ ավելի «արևմտամետ» շրջանակները հիմնականում ինկորպորացված են այսօրվա ռեժիմի մեջ՝ բոլոր մակարդակներում՝ ԱԽՔ, ՔՊ խմբակցության մի մասը, որոշ մեդիաներ և ՀԿ-ներ: Նրանք ոչ թե ընդդիմություն են Նիկոլին, այլ նրա հսկիչները՝ ներսից:
Ինչ վերաբերում է տիտղոսային ընդդիմությանը, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր շարժումներին, ապա մի կողմից՝ իշխանությունները համառորեն պիտակավորում են նրանց՝ որպես «պրոռուսական», մյուս կողմից՝ մեր ընդդիմությունը չի ունեցել և չունի որևէ արտաքին սատարում որևէ ուժի կենտրոնից, այդ թվում՝ Կրեմլից:
Փաստացի Հայաստանի ընդդիմության քաղաքական օրակարգը, որը խարսխված է սեփական ազգի շահերի վրա, չի համընկնում և ոչ մի արտաքին բևեռի ծրագրերի հետ:
Ավելին, Փաշինյանի վարած քաղաքականությունը շարունակում է ձեռնտու մնալ բոլորին՝ անկախ պարբերական էմոցիոնալ պոռթկումներից և գեոպոլիտիկ լիրիկայից:
Արևմուտքն ինդուլգենցիա է տվել Նիկոլին ներքաղաքական ճնշումների և վակխանալիայի համար, իսկ Մոսկվային այս գործոնն այս փուլում չի հետաքրքրում: Գլոբալ խաղացողները հանգիստ խաղում են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի գործող ռեժիմների հետ: Արևմուտքը կարթնանա միայն, եթե Նիկոլը գցի նրանց, իսկ Մոսկվան՝ երբ Նիկոլն ուղիղ սպառնալիքներ առաջացնի Ռուսաստանի անվտանգությանը:
Հայաստանի ներկայիս ընդդիմությունը պետք է միայն հայ ժողովրդին:
Հայաստանի կործանումը կանխելու հարցում հայ ժողովուրդը չունի դաշնակիցներ՝ գուցե նախևառաջ այն պատճառով, որ լիովին չի գիտակցում իր կործանումը…
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ