«ՀՀ ոստիկանության Երևանի վարչության Արաբկիրի բաժնից «Ժողովուրդ»-ը վերջերս մի գրություն է ստացել, որն իրավական անգրագիտության տեսանկյունից հավասարը չունի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Հ.Ա. Խոստեղյանի ստորագրած գրությամբ «Ժողովուրդ»-ից պահանջում են իրենց տրամադրել օրաթերթում հրապարակված «Կեղծ շենգենից մինչև ՀԴՄ կտրոն, ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը» հոդվածի տեղեկատվության աղբյուրը:
Մի կողմ թողնենք, որ գրության հեղինակը չի տարբերում հոդվածի վերնագիրը և խորագիրը: Բանն այն է, որ հոդվածի վերնագիրը եղել է «Ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը», իսկ «Կեղծ շենգենից մինչև ՀԴՄ կտրոն»-ը նյութի խորագիրն է:
Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Ոստիկանությունը տեղեկատվության աղբյուրը պահանջում է «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի հիմքով»:
Նախ՝ Հայաստանի օրենսդրությունում նման գործող օրենք գոյություն չունի: «Զանգվածային լրատվության մասին» օրենքն էլ ընդամենը 14 հոդվածից է բաղկացած: Ավելին՝ այդ օրենքում չկա որևէ դրույթ, որը իրավապահներին իրավունք է տալիս լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուր պահանջել:
Իսկ «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքը, որի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնում հիշել ու հիշատակել են, ընդունվել է 1991 թվականին և գործել է մինչև 2004 թվականը: