168 Ժամ-ը գրում է, որ Արարատի բնակիչները տեղեկացնում են, որ քաղաքի ոստիկանության բաժնի պետ Կարեն Խաչատրյանը «Գրին քարտ» է շահել և երեկ մշտական բնակության մեկնել Միացյալ Նահանգներ: Կարեն Խաչատրյանի քաղաքական և աշխատանքային կենսագրությունը բավական հայտնի է հանրությանը: Նա մինչև 2012թ. հունվարի 18-ն Արարատի քաղաքապետի տեղակալն էր և ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը: Հենց այդ ժամանակ նա հրաժարական տվեց փոխքաղաքապետի պաշտոնից և դուրս եկավ ԲՀԿ-ից: Այդ օրերին՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ անդամակցի այլ կուսակցության, Խաչատրյանը պատասխանել էր. «Ոչ, ոչ, ես չեմ մտնի կուսակցություն, ես զինվորական եմ, ես մտածելու շատ բաներ ունեմ: Էս պահին որոշումներ չեմ կայացրել, ընդամենը ուզում եմ մնամ իմ երկրի նախագահի կողքին»: Այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Կարեն Խաչատրյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվեց Ոստիկանության Արարատ քաղաքի բաժնի պետ: Եվ ահա Խաչատրյանը որոշում է մասնակցել ԱՄՆ մշտական բնակության մեկնելու «Գրին քարտի» վիճակահանությանը և շահելով՝ մեկնում է Միացյալ Նահանգներ: Խնդիրը միայն այն չէ, որ Կարեն Խաչատրյանը չի կատարում զինվորականի իր խոստումը և չի մնում նախագահի կողքին: Ավելի հետաքրքիր է, որ Հայաստանում նույնիսկ Ոստիկանության բաժնի պետերն են հնարավորության դեպքում լքում Հայաստանը: Մինչ այս հայտնի էին դեպքեր, երբ արտագնա աշխատանքի կամ մշտական բնակության էին մեկնում համայնքի ղեկավարները:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում
Ոստիկանության պետը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ. 168 Ժամ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet