Այսօր “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը զանգվածային լրատվության միջոցներին “մեկնաբանություններ” են տրամադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի հետ կատարված “միջադեպի” կապակցությամբ:
“Միջադեպ” ասվածն այն է, որ ծառայություն կատարող ոստիկանները պարոն Ծառուկյանին և նրան ուղեկցող անձանց հուշել են համալիրի տարածքում տեղաշարժի նախատեսված ուղին: Ընդամե´նը: Եվ ըստ երևույթին “միջադեպի” մասնակիցների մտքով իսկ չի անցել, որ “միջադեպ “ է տեղի ունենում: Համենայնդեպս, պարոն Ծառուկյանը նման խնդրով ոստիկանություն չի դիմել: Խնդիրը միանգամայն այլ հարթությունում է:
Հասկանալով նախընտրական փուլի “առանձնահատկությունները”` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը:
Հիշեցնում ենք նաեւ, որ ոստիկանությունը վերկուսակցական և վերքաղաքական կառույց է, և չփորձեք քաղաքական գործընթացների մեջ ներքաշել: Նախընտրական քարոզարշավի համար առավել հարմար թեմա գտեք: Իսկ ինչ վերաբերում է այս գործիչների` ոստիկանության ծառայողներին տրված գնահատականներին, ապա խիստ կասկածում ենք, թե նրանք տիրապետում են համապատասխան մասնագիտական գիտելիքների, որպեսզի գնահատեն ոստիկանության ծառայողի աշխատանքը: Կոչ եմ անում նաև զերծ մնալ բնորոշումներ տալուց:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումը