Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր դիմել Արմավիրի մարզի Ամասիա համայնքի բնակիչ Լիանա Մկրտչյանը եւ խնդրում էր, որ օգնեն իրեն, որպեսզի ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները թույլ տան իր երեխային տեսնի: Ըստ տիկին Լիանայի՝ իր որդուն պահում են ոստիկանության Արմավիրի բաժնում մի հանցագործության համար, որը նա չի կատարել: Ավելին, ըստ մոր՝ որդուն եւ իր ընկերներին քննիչներն ու ոստիկանները ծեծելով են ստիպել իրենց վրա վերցնել չկատարած հանցագործությունները:
Եվ այսպես՝ Լիանա Մկրտչյանը պատմեց, որ աշխատում է Արմավիրի մարզի Ամասիա համայնքի դպրոցում որպես ուսուցչուհի: Ըստ տիկնոջ՝ փետրվարի 20-ին համայնքի տեսուչ Սահակը իրեն տեղեկացրել է, որ որդին՝ Ցոլակ Հովհաննիսյանը, համայնքային զինկոմիսարիատի կողմից հետախուզման մեջ է գտնվում. «Ես տեսուչին ասացի, որ իմ երեխան պրոբլեմատիկ երեխա է եւ հոգեբուժարանում անգամ պառկած է եղել: Ինչեւէ, զանգահարեցի զինկոմիսարիատ, ինձ ասացին, որ նման բան չկա: Հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին, ոստիկանության աշխատողները մեր տեսուչի հետ եկան եւ ինձ ասացին, թե որդիս՝ Ցոլակը, հանցագործություն է արել՝ դանակահարություն, եւ փախուստի մեջ է: Ասեցի, թե հնարավոր չէ, ու ոստիկանների հետ գնացինք Արաքսավան գյուղ, որտեղ որդիս անասուն է պահում: Հետո ոստիկաններն ինձ մեկ այլ մեքենայով, որդուս այլ մեքենայով ուղարկեցին ոստիկանություն: Իմ երեխան սթրես տարած երեխա է, ու այդ ամենը հաշվի չառնելով՝ ինչքան չբացահայտված հանցագործություններ կան, ուզում են գրեն Ցոլակիս վրա: Այնպիսի գյուղերի անուններ են տալիս, որ էլ ասելու չէ: Ինձ Արմավիրի քրեականի պետը՝ Համլետ Վասիլյանը, ասաց՝ մի բողոքի մեր վրա, թե չէ մենք էլ կարանք ինչ ասես՝ անենք»:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել նաեւ Արտաշը, որը եւս իր եղբոր՝ Գեւորգի եւ Ցոլակի հետ ոստիկանությունում է եղել: Նա պատմեց, որ իրենց դաժանորեն ծեծել են. «Ինձ ասում էին՝ այդ գողությունները վերցրա վրեդ, դու պիտի սատկես: Նույնիսկ ասեցին, թե Ցոլակն ու Գեւորգն ասել են, որ իրենք են այդ գողություններն իրականացրել, բայց ես տղերքի ձենները լսում էի, թե ոնց էին ասում՝ մեջքներս պոկվեց: Ինձ չոքացրել էին գետնին, ասում էին՝ եթե չանես, ծնողներիդ համար վատ կլինի, բերդում կփթեք»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում