Asekose.am-ի խմբագրության հարևանությամբ գտնվող կիսաքանդ, սակայն Հին Երևանը հիշեցնող մի տան վրա որևէ զգուշացնող հայտարարություն փակցնելու մասին վաղուց էինք մտածել:
Մեր փողոցում անտերության է մատնված ոչ միայն Արամ Մանուկյանի տունը, որտեղ նա ապրել է մինչև կյանքի վերջ, այլ նաև դրանից քիչ այս կողմ գտնվող վերոնշյալ կառույցը:
Անտերության մատնվելը փոխաբերական իմաստով նկատի ունեի, բնականաբար, շինություններն ունեն իրենց տերերը, որոնք սպասում են հարմար պահի երևանյան կենտրոնում գտնվող իրենց հողակտորը իրացնելու համար:
Իսկ մինչ այդ, ինչպես երևի արդեն հասկացաք, այստեղ, հատկապես տաքսու վարորդների կողմից, իրացվում են բնական կարիքներ, որոնց դեմ պայքարելու համար մենք նախ մաքրեցինք տարածքը, հետո խնդրանք-գրություն փակցրեցինք` չկեղտոտել տարածքն ու նաև` սևացած ու մաշված պատերը գունազարդեցինք` մի քիչ ռոմանտիկ դարձնելով անցած դարի սկզբին կառուցված շինության վերջին օրերը:
Գործին, սակայն, սա այնքան էլ չօգնեց և մենք որոշեցինք «ուժի լեզվով» խոսել «չարագործների» հետ:
Ու մի օր էլ հայտնվեց այս հումորային ցուցանակը, որի կեսը հաստատ կատակ է, մյուս կեսի մասին էլ, հուրախություն մեզ, այլևս չենք մտածում....
Ու պատկերացրեք`այս մի ցուցանակը ոչ միայն գործեց, այլ նաև դարձավ Արամի փողոցով քայլողների, այդ թվում զբոսաշրջիկների լուսանկարչական սարքերի թիրախ:
Եվ ամեն անգամ` այս ցուցանակը լուսանկարողի տեսնելիս` ես ու իմ ընկերները Asekose.am-ից, Նավավարից ու Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանից, չգիտենք որ առումով ուրախ լինենք. որ կարողացել ենք երևանյան այս հատվածը մաքուր պահե՞նք, թե՞ որ մարդկանց լուսանկարչական սարքերն «չրխկացնելու» յուրօրինակ և ուրախ առիթ ենք ստեղծել:
Եվ թող անհամեստություն չթվա այս ամենն ասելը...
Հեղինակ`
Ա.Մաթևոսյան