Արդեն ուղիղ մեկ շաբաթ Հայաստանի քաղաքական կյանքից բացակայում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։ «Դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում եւ չի աջակցում որեւէ այլ թեկնածուի: Եվ վերջ: Ինչպես շաբաթ օրն իր ելույթում արտասանեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, իհարկե, միանգամայն այլ վերջ նկատի ուներ, բայց իրականությունը ցույց տվեց, որ տողատակում Ս. Սարգսյանի ասած վերջը, թերեւս, առաջին հերթին՝ վերաբերում էր ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին: Այլ կերպ դժվար է գնահատել այդ ուժի եւ նրա ղեկավարի դերակատարության զրոյացումը քաղաքական գործընթացներում: Այո, ԲՀԿ-ն հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրում, բայց մի՞թե դա պետք է նշանակեր, որ նա դադարեցնում է գործունեությունը քաղաքական դաշտում, ինչը փաստացի տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ից հետո: Դրան հետեւեցին մի շարք կարեւոր քաղաքական իրադարձություններ` իշխող կուսակցությունը համագումար հրավիրեց, նրա թեկնածու եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որպես ձեռքբերում ներկայացրեց ԲՀԿ-ի կողմից քննադատվող կառավարության գործունեությունը: Այդ նույն ընթացքում հրապարակվեց ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված առանձնազրույցը: ԲՀԿ-ն` Հայաստանի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող ուժը, կրկին լռեց` սահմանափակվելով «առանց մեկնաբանության» ծեծված արտահայտությամբ: Այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ ԲՀԿ-ականները չէին իջնում հեռուստաէկրաններից ու մամուլի էջերից: Հիմա նման քաղաքական ուժ գործնականում այլեւս չկա, եւ դրա ընդամենը մի քանի ներկայացուցիչներ իներցիայով հիշեցնում են իրենց գոյության մասին խորհրդարանում կամ նրանից դուրս: Ըստ ամենայնի, մոտ ապագայում նաեւ այդ գործիչները կհայտարարեն, որ «ներքաղաքական հարցերն իրենց քիչ են հետաքրքրում», ու կմեկնեն արտերկրյա կրուիզների: Ինչպես իրենց անփոխարինելի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- գրում է «168 ժամը»։
Որտե՞ղ է Գագիկ Ծառուկյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet