Երեկ առավոտյան Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մեքենան անցնելով ականի վրայով պայթել է, որի հետեւանքով երեք հոգի վնասվել է, իսկ քաղաքապետի վարորդը մահացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ քաղաքապետն այդ տարածք որսի էր գնացել:
Պաշտոնական արձագանք
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 11.00-ին, տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին՝ ժամը 06.30-ին սահմաններում, ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ավետիսյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրից
Նկատենք, որ մինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե դեպքը տեղի է ունեցել ականապատ տարածքում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Վաղազին համայնքի ղեկավար Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ճանապարհի վրա: Հարցին, թե ինչպես կարող է ճանապարհի վրա ական հայտնված լինել, գյուղապետը չցանկացավ պատասխանել՝ նշելով, թե շատ զբաղված է եւ այլ բան չի կարող ասել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քաշաթաղի ոստիկանապետ Վրույր Խաչատրյանն անձամբ է գնացել դեպքի վայր՝ կատարվածի մանրամասներին ծանոթանալու: Ավելին՝ պարզեցինք, որ համապատասխան փորձագետները սկսել են ստուգումներ իրականացնել` հասկանալու, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դեպքը:
Ում «դաբրոյով» էր
քաղաքապետը որսի դուրս եկել
Շատերին հետաքրքրում էր այն, թե ինչ գործ ուներ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, այն էլ երեկ՝ լուսադեմին, ժամը 6:30-ին, Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի ճանապարհին: Ըստ տարածված տեղեկությունների՝ քաղաքապետ Խլղաթյանը, ոչ ավել ոչ պակաս, իր արձակուրդն օգտագործել է որսով զբաղվելով, իսկ նշված ժամը շատ հարմար է որսի համար: Չնայած Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանն ասել էր, որ այդ հատվածում, որտեղ պայթել է ականը, որսն արգելվում է, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, թե Արմավիրի քաղաքապետը ում խնամին է, նրա համար որեւէ արգելք չէր կարող լինել արգելված վայրում որսի դուրս գալ եւ այն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Իսկ Խլղաթյանի հովանավորը, ըստ մամուլում բազմիցս շրջանառված լուրերի, ԱԺ նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Դեռեւս 2013 թվականին պարզվել էր, որ «Արմավիր Շին» ՍՊԸ-ի հիմնադիրները, ըստ ՀՀ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն են, ովքեր խնամիական հարաբերություններ ունեն միմյանց հետ: Ուստի հաշվի առնելով, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով վերջին ամիսներին բավականին լուրջ ներդրումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ մեծ հարգանք է վայելում, ապա նրա խնամի Խլղաթյանի համար ոչ մի արգելք չէր կարող լինել որսի դուրս գալու համար:
Վերակենդանացման
բաժանմունքում
Երեկ, մինչ վիրավորված քաղաքապետին եւ նրա երկու ուղեկիցներին տեղափոխում էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, մարդկանց մի զգալի հատված հիվանդանոցում տագնապահար վիճակով սպասում էր հարազատներին: Իրավիճակն ավելի սրվեց, երբ վերակենդանացման բաժանմունքի մոտ հավաքված տասնյակ հարազատները դուրս եկան բժշկի սենյակից: Իսկ երբ բժիշկը մանրամասն ներկայացրեց վիրավորների վիճակը, տուժածներից Ռուբեն Խլղաթյանի մոտ ընկերոջ՝ Գառնիկ Ավետիսյանի կինը՝ Հերմինեն, ուշագնաց եղավ:
Նշենք, որ Գառնիկ Ավետիսյանը ողնաշարի վնասվածք եւ աջ սրունքի կոտրվածք է ստացել, Արթուր Բաղդասարյանը` կրծքավանդակի ծանր վնասվածք, իսկ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` գլխուղեղի սալջարդ արյունազեղում, ինչպես նաեւ 5-րդ մատի կոտրվածք: Բժիշկները վիրավորների վիճակը գնահատում են կայուն ծանր:
Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում