«Օրրան»-ի սաներն ու աշխատակիցներն անակնկալ են մատուցել հանրապետությունում կարևոր գործունեություն ծավալող այդ հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանին՝ ծննդյան տարեդարձի առիթով:
«Օրրան»-ում գործող տարբեր խմբակներից մեկի՝ պատանի լրագրողների ակումբի նախաձեռնությամբ նկարահանվել ու մոնտաժվել է տեսաուղերձ՝ նաև գրվել անկեղծ շնորհավորանք, որում ասվում է. «Սիրելի տիկին Արմինե, Օրրան ընտանիքը Ձեզ է հղում՝ ամենաջերմ, ամենաթանկ և ամենանվիրական մաղթանքները: Դուք մեզ համար բացառիկ եք, որովհետև Ձեր կյանքի նպատակն եք դարձրել՝ ապրել բարիք գործելով: Ձեզ մաղթում ենք ամենայն առողջություն և բոլոր ծրագրերի իրագործում: Մենք ձեզ շատ սիրում ենք»:
«Օրրան» անապահով ընտանիքների երեխաների ցերեկային խնամքի և կարիքավոր տարեցների աջակցման կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ Այն արդեն 17 տարի շարունակ շատ ծանր կացության մեջ հայտնվածների համար դարձել է հոգատար օրրան։
Այս ինքնատիպ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի սեպտեմբերին բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում Հայաստանում և Միացյալ նահանգներում։
Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությունը տարեց տարի ընդլայնում է իր շրջանակները՝ ներգրավվելով ավելի շատ մարդկանց։